Երկու կանանց մահացու վրաերթ կատարած և փախուստի դիմած «Ձուկ» մականվամբ էլցանցի տեղամասի պետը տեղափոխվեց դատարան (ֆոտո)
Այսօր՝ հուլիսի 10-ին Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Վաղինակ Մարտիրոսյանը դիմել էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանի որոշմամբ Վանաձոր քաղաքի Ներսիսյան թաղամասի 3/5 տան բնակիչ, 44-ամյա Հովհաննես Գինոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվի երկամսյա կալանքը:
Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Մուշեղ Հարությունյանը դռնփակ դատական նիստ անցկացնելով, որոշեց հետաձգել նիստը և այն շարունակել վաղը, որից հետո քննիչի որոշմամբ Հ. Գինոսյանը տեղափոխվեց Ոստիկանության Վանաձորի բաժնի ձերբակալվածների պահման վայր:
Նրա նկատմամբ քրեկան գործ է հարուցվել ՀՀ Քրօրի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի մարդու մահ) և 244 հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահարը թողնելը) հատկանիշներով:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից Tert.am-ին հայտնել էր Գ. Շամշյանը` հուլիսի 8-ին 2 անձանց վրաերթ էր տեղի ունեցել Լոոու մարզում: Այդ օրը՝ ժամը 21.10-ի սահմաններում Վանաձորի Բաղրամյան փողոցի վրա` «Գանձակ» սուպերմարկետի մոտակայքում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 2 հոգու և, թողնելով անօգնական վիճակում, դիմել փախուստի:
Վրաերթի ենթարկվածները երկու կանայք էին, որոնք տեղում մահացել էին: Գ. Շամշյանը հայտնել էր, որ իր տեղեկություններով վրաերթը կատարվել է «Օպել» մակնիշի մեքենայով, որի համարանիշներն էին` 19 ՏՍ 323: Այն գրանցված էր Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոցի 13 շենքի բնակիչ Արթուր Ավետիքյանի անվամբ: Նշված փողոցում բացակայում էր արտաքին լուսավորությունը: Դեպքի վայրում հայտնաբերվել է նշված համարանիշը` վնասված վիճակում:
Ավելի ուշ Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Ոստիկանության Վանաձորի բաժնի, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները հայտնաբերել էին վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդին:
Վերջինս Վանաձոր քաղաքի Ներսիսյան թաղամասի 3/5 տան բնակիչ, 44-ամյա Հովհաննես Գինոսյանն էր, ով, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, աշխատում էր «Հայաստանի էլեկտրոցանցեր» ընկերության «Դեբեդ» մասնաճյուղում, որպես տեղամասի պետ և հայտնի է «Ձուկ» մականվամբ: Ոստիկանությաւնը պարզել էր նաև մահացածների ինքնությունը. նրանք էին` Վանաձոր քաղաքի Բաղրամյան 2-րդ փողոցի 37 տան բնակիչ Անահիտ Միտիչյանը և Սպիտակ քաղաքի Թումանյան 88 տան բնակիչ 23-ամյա Աննա Բոյաղջյանը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի









