ԱԺ խմբակցությունները կազմելու են իրավապահներին ուղղված հարցաշար, իսկ «Ժառանգությունը»՝ ֆորում

13:28 • 10.07.12

Հաշվի առնելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից՝ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայ ազգային կոնգրես» և «Ժառանգություն» խմբակցությունների նամակի մերժման հանգամանքը, ԱԺ չորս խմբակցությունների ներկայացուցիչները որոշել են իրենց լիազորությունների շրջանակում կազմել մեկ ընդհանուր հարցաշար և այն ուղղել համապատասխան իրավապահ մարմինների ղեկավարներին, այս մասին Tert.am–ին հայտնեց «ժառանգություն» խմբակցության անդամ Ռուբեն Հակոբյանը:


««Ժառանգությունն» իր հերթին որոշել է վերոնշյալ հարցաշարի պատասխանները ստանալուց հետո նախաձեռնել քաղաքացիների ֆորում, որը նվիրված կլինի Հայաստանում տիրող անպատժելիության երևույթների քննարկմանը»,-ասաց Ռուբեն Հակոբյանը:


Ռուբեն Հակոբյանը հավելեց, որ չորս խմնակցությունների միջև շարունակվում են հետագա անելիքների հետ կապված քննարկումները։

 

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահին ուղղված նամակում Աժ չորս խմբակցությունները պահանջում են հանդիպում կազմակերպել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի միջադեպի գործը վարող իրավապահների հետ, սակայն ԱԺ նախագահը նշել էր, որ պաշտոնատար անձանց հետ հանդիպումներ կազմակերպելու իրավասություն չունի: Եվ երկրորդ, ըստ ԱԺ նախագահի, «քանի որ խնդրո առարկա դեպքով հարուցված քրեական գործով կատարվում է նախաքննություն», ապա ինքը ձեռնպահ է մնում գործի քննության համար պատասխանատու իրավապահ մարմինների գործունեությանը օրենքով չնախատեսված որևէ միջամտությունից: