ԼՂՀ նախագահական ընտրություններում 4-ի փոխարեն կպայքարի 3 թեկնածու
Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններում նախագահի պաշտոնի համար կպայքարեն ոչ թե չորս, այլ՝ երեք թեկնածուներ՝ Վիտալի Բալասանյանը, Բակո Սահակյանը և Արկադի Սողոմոնյանը:
Նախագահի թեկնածուներից մեկը՝ Վալերի Խաչատրյանը (նկարում) երեկ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որն էլ այսօրվա հերթական նիստում տվել է իր դրական պատասխանը:
Tert.am-ի հետ զրույցում արդեն նախկին թեկնածու Վալերի Խաչատրյանը ներկայացրեց ինքնաբացարկի պատճառը. «Առաջադրվելիս նպատակ ունեի անպայման հաղթել, որովհետև կար ընտրվելու և հետագայում իմ գործունեությունը ծավալելու համապատասխան հիմքերը՝ հաշվի առնելով իմ աշխատանքային կենսագրությունը՝ շուրջ 50 տարիներից 35 տարիներն աշխատել եմ օրենսդիր և գործադիր մարմիններում, բայց վերջին ժամանակներում տեսա, որ գործող նախագահի հնարավորություններն ու շանսերն ավելի շատ են, ուստի ինձ երկրորդ և երրորդ տեղերը չէր հետաքրքրում, ստիպված եղա իմ թեկնածությունը հանել»:
Վալերի Խաչատյանը հավելեց, որ ինքն այս պահին սատարում է գործող նախագահ Բակո Սահակյանին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ժողովուրդը կրկին վստահում է վերջինիս:
«Հաշվի առնելով, որ գործող նախագահն ունի 5 տարիների կատարած աշխատանք, ինչի մասին նա քարոզարշավին հաշվետությամբ է նաև հանդես գալիս, և կարևորն այն է, որ ժողովրդի կողմից ընդունվում է, որ նա մեծ աշխատանք է կատարել: Ես զգացի, որ ժողովուրդը կրկին վստահում է իրեն և գտա, որ ճիշտ կլինի հանել իմ թեկնածությունը և պաշտպանել գործող նախագահին»,- մեկնաբանեց նախկին թեկնածուն:
Վալերի Խաչատյանը փաստում է, որ նկատելի շանսեր ունեն գործող նախագահ Բակո Սահակյանն ու Վիտալի Բալասանյանը: Ելնելով քարոզարավի ընթացքից, նա կարծում է, որ կհաղթի գործող նախագահը:









