Իտալական մաֆիայից 800 մլն եվրոյի գույք են առգրավել

22:19 • 10.07.12

Իտալիայի հարկային ոստիկանությունը 800 մլն եվրո ընդհանուր գումարի գույք է առգրավել մի գործարարից, ով կապեր ունի «Կամորա» մաֆիոզ ընտանիքի հետ, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը` հղում կատարելով իտալական ԶԼՄ-ներին:


Առգրավված գույքի շարքում ընդգրկված են ռեստորաններ, բազմահարկ շենքեր և գործարաններ:


Քննության տվյալներով, Նեապոլի մերձակայքում շինարարական ընկերության սեփականատեր Անջելո Սիմեոլին մաֆիայի փողերի լվացմամբ է զբաղվել 1980թ. սկսած:


Հետագայում գործարարը «Կամորայի» գումարները ներդրել է հողատարածքներ գնելու և դրանց վրա ապօրինի շենքեր կառուցելու մեջ: Նման կերպ ընդհանուր առմամբ ավելի քան 1000 շենք է կառուցվել:


Ներկա պահին ինքը 65-ամյա Անջելո Սիմեոլին ձերբակալված չէ, քանի որ սրտի հիվանդություն ունի և չի կարող մեկուսարանում պահվել:


Սիմեոլիի և իր 55 հանցակիցների գործով դատը տեղի կունենա այս տարվա ընթացքում: