Քաղծառայողներն սկսել են ապավինել ոչ թե միջնորդներին, այլ իրենց գիտելիքներին. Մանվել Բադալյան

12:42 • 10.07.12

Հայաստանում վերջին տարիներին էականորեն նվազել են միջնորդությունները և քաղծառայողներն սկսել են ապավինել իրենց գիտելիքներին, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը` հղում անելով օրենքի այն պահանջին, ըստ որի, քաղծառայողները երեք տարին մեկ անգամ պետք է անցնեն ատեստավորում:


Ըստ քաղծառայության խորհրդի նախագահի` եթե նախկինում քաղծառայողների 15-20%-ը այդ թեստերը չէին անցնում, ապա հիմա այդ թիվը նվազել է` հասնելով մոտ 3%-ի:


«Մեր կարծիքով` սա խոսում է նաև մարդկանց բարեխղճության և պատասխանատվության մասին, և իհարկե, որ մարդիկ սկսել են ապավինել իրենց գիտելիքներին»,- ասաց Մանվել Բադալյանը՝ տեղեկացնելով, որ շուտով կներդրվի մի համակարգ, որով անհատապես կգնահատվի յուրաքանչյուր քաղծառայողի աշխատանքը:


Մանվել Բադալյանը խոսեց նաև կառավարության կողմից ներդրված սոցիալական փաթեթի մասին և նշեց, որ քաղծառայողներն արդեն օգտվում են դրա մյուս բաղադրիչից, որը ներառում է հանգիստ տարբեր հանգստյան տներում:


«Եվ տուրիստական գործակալությունների միջոցով սկսել են այս գործընթացը, իսկ հարյուր աշխատողներ արդեն իսկ այդ փաթեթի շրջանակներում ենթարկվել են բավական բարդ վիրահատությունների»,- ասաց Մանվել Բադալյանը` նշելով, որ թեև 52.000 դրամը, որը ներառում է փաթեթը այնքան էլ շատ չի, բայց հույս ունի, որ կառավարությունը շուտով այն կբարձրացնի:


Հիշեցնենք, որ սոցփաթեթների ներդրման հետ կապված դժգոհությունների մասին մամուլն անդրադարձել էր` նշելով, որ այդ փաթեթները տրվում են «մաղարիչների» գնով միայն:


Մանվել Բադալյանը հերքեց, թե նման գործընթաց կա քաղծառայության համակարգում: «Եվ վարչապետի բարձրաձայնած հարցը վերաբերում էր դպրոցներին, և ուսուցչական կոլեկտիվներից էր եկել այդ դժգոհությունը, որի հետ կապված վարչապետը հանձնարարեց ֆինանսների նախարարին և կրթության նախարարին` տալ լուծումներ»,- ասաց ՀՀ քաղծառայության խորհրդի նախագահը:


Մանվել Բադալյանը նշեց, որ քաղծառայության ինստիտուտի ներդրմանը զուգընթաց, կյանքի է կոչվում քաղծառայողների` վերադասների որոշումները վիճարկելու կարգը:


Այս պահին ունեն յոթ դիմում, որից չորսի հեղինակները քաղծառայողներ են: Դիմումները հիմնականում այն մասին են, որ իրենց անմիջական ղեկավարը կամ աշխատակազմի ղեկավարը անհիմն է իրենց ենթարկել քաղաքացիական տույժի:


«Նման դիրք զբաղեցնող մարդկանց որևէ մեկին հաճելի չի լինում, որ իր կայացրած որոշումը որևէ այլ տեղ բեկանվում է, գոնե ես չէի ցանկանա հայտնվել այդ վիճակում»,- ասաց Մանվել Բադալյանը և հավելեց, որ դրա համար էլ իրենք ավելի զգույշ են լինում իրենց ազատման կամ կարգապահական տույժերի մասին հրամաններում: