Գործարարին պետք է հանել քաղաքականությունից. Ստեփան Սաֆարյան

19:55 • 10.07.12

Հասարակության, հատկապես, քաղաքականացված խմբերում և «ֆեյսբուքահայության» շրջանում այս պահին տիրող տրամադրություններից դատելով՝ «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը կարող է խոսել օլիգարխիայի անթույլատրելի իշխանության դեմ այդ շրջանակների պայքարի մասին, բայց առայժմ ոչ որպես դասակարգային թշնամու:


«Միգուցե անհատական օգտատերերի մոտ նկատվի ատելություն, բայց եթե այս խնդիրը չլուծվի, վախենամ, որ, այո՛, դա կարող է վերաճել թշնամանքի»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Ստեփան Սաֆարյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե, արդյո՞ք, այս կամ այն օլիգարխի ունեցվածքը հանրայնացնելուն ուղղված կոչերը հենց այդ ատելության վկայությունը չեն:


Հիշեցնենք, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը նախորդ տարի աշնանը տված մի հարցազրույցում, խոսելով արտագաղթի ծավալների ու հայաստանյան դատարկվող գյուղերի ու քաղաքների մասին, ևս նշել էր՝ «օլիգարխները կերան այս երկիրը»:



Մյուս կողմից, օրինակ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Մանվել Բադեյանը իր մի քանի ամսվա վաղեմության հարցազրույցներում մշտապես պնդում էր այն թեզը, որ «օլիգարխները վատ տղաներ չեն», այլ աշխատատեղեր ստեղծող և այս երկրի համար պատասխանատու մարդիկ են, և նրանցից «բոբո» սարքելը, ըստ Բադեյանի, տուրք է ռուսաստանյան մոդելին:

 

Ստեփան Սաֆարյանը բացարձակապես համամիտ չէ հանրապետական պատգամավորի կարծիքի հետ, և նշեց. «Օլիգարխ նշանակում է մարդ, որը փողի միջոցով ունի նաև քաղաքական իշխանություն: Եվ պատահական չէ, որ կան գործարարներ, բայց մարդ կա օլիգարխ է, այսինքն՝ այն գործարարը, որն ունի քաղաքական իշխանություն: Իսկ քանի որ Հայաստանում հիմնական փողատերերը խորհրդարանում են, հենց այդ պատճառով է, որ ԱԺ-ում գործարարների զգալի մասը օլիգարխներ են: Եվ այս կտրվածքով, ոչ միայն Հայաստանում, նաև ոչ մի երկրում ցանկալի չէ բիզնեսի և քաղաքականության միաձուլումը»:


Հետևաբար, ըստ Ստեփան Սաֆարյանի, այսօր թիվ մեկ խնդիրը դառնում է նրանց տարանջատելը՝ գործարարին ուղղակի հանել քաղաքականությունից, որովհետև տնտեսական համակարգը այլ համակարգ է, քաղաքականը՝ այլ, և եթե տնտեսական համակարգը միախռնված է քաղաքականին, ապա այդտեղ «չկա մաքուր քաղաքականություն և չկա տնտեսություն, այլ՝ քաղաքականացված տնտեսություն և տնտեսականացված քաղաքականություն»: Ինչը և, ըստ մեր զրուցակցի, ունենք Հայաստանում:


Պատասխանելով մեր այն հարցին, թե Հայաստանի իշխանությունների կողմից գիտակցվո՞ւմ է այս անհրաժեշտությունը, թե՝ ոչ, Ստեփան Սաֆարյանն արձանագրեց, թե կոնֆլիկտ է հասունանում Սերժ Սարգսյանի և Արևմուտքի միջև և հավելեց. «Քանի որ մինչև խորհրդարանական ընտրությունները ամենատարբեր խողովակներով հավաստիացումներ և խոստումներ էին տրվում, թե օլիգարխիայի դեմ պայքար կիրականանա և նրանք չեն լինի պառլամենտում: Բայց պետք է արձանագրել, որ ներկայիս նախագահը չապահովեց իր այդ խոստումը»:

 

Ըստ Ստեփան Սաֆարյանի՝ Արևմուտքը շարունակում է պնդել իր պահանջը և այդ իսկ պատճառով երկիրը խնդիրներ ունի Արևմուտքի և եվրոպական մի շարք կառույցների հետ:

 

«Ժառանգություն» կուսակցության անդամի հավելմամբ՝ այս պահանջը տառացիորեն դրվել է ՀՀ իշխանությունների առաջ դեռ այն ժամանակ, երբ Հայաստանը թևակոխում էր Եվրամիության հետ ասոցացման բանակցային փուլ և կար Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը՝ ԵԺԿ-ին անդամակցության հարցը: