Իշխանական որոշ շրջանակների հանգիստ չի տալիս ԲՀԿ նախագահի բարձր վարկանիշը. ԲՀԿ մամուլի խոսնակ

17:08 • 10.07.12

ԲՀԿ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տիգրան Ուրիխանյանը
հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով ԲՀԿ-ին և այդ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին վերաբերող մամուլի ինչ-որ հրապարակումների.


Վերջին օրերին կոնկրետ լրատվամիջոցներ պարբերաբար անդրադառնում են 2007 թվականի մի դեպքի՝ այն փորձելով կապել «Մուլտի Գրուպի» և անձամբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի հետ, ինչպես դա արել է նաև այսօր լրատվամիջոցներից մեկը։ Ակնհայտ է, որ որոշ լրատվամիջոցներ փորձում են հորինված, կամ իրենց հայեցողության սրբագրված ու իրականությանը չհամապատասխանող մանրամասներով լրացված որոշ դեպքեր կապել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անվան հետ:


Ակնհայտ է, որ հայաստանյան իշխանական որոշ շրջանակների հանգիստ չի տալիս ԲՀԿ նախագահի բարձր վարկանիշը, ինչպես նաև հանրության շրջանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ունեցած վստահության մեծ ռեսուրսը։ Թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել 2007 թվականին, ի՞նչ հանգամանքներում է մահացել ռուս զինծառայողը, դա բոլորին է հայտնի, ինչպես նաև հայտնի է, որ Գագիկ Ծառուկյանի թիկնազորից որևէ մեկը դեպքի հետ որևէ առնչություն չի ունեցել։

Ասեմ, որ մեզ հայտնի են գեբելսյան քարոզչամեքենայի թե’ պատվիրատուները, թե’ պատվերի իրականացման մեխանիզմները:

Առաջնորդվելով «որքան սուտը մեծ լինի, այնքան ավելի արագ կտարածվի» չարաբաստիկ սկզբունքով, իշխանական կոնկրետ շրջանակի կողմից ֆինանսավորվող և պետպատվերի շրջանակում մի քանի լրատվամիջոց գործուղված լրագրողի պատվիրատուները հավանորեն խնդիր են դրել շեղել հանրության ուշադրությունը երկրի առջև ծառացած իրական մարտահրավերներից և պրոբլեմներից։ Ի դեպ, նման ապատեղեկատվության պատվիրատուները չեն էլ կարող պատկերացնել, որ իրենց հնամաշ գործիքներն այնքան դիլետանտ են աշխատում, որ ցանկացած թերթ, կամ կայք գործուղվելիս 5 րոպե անց շռնդալից բացահայտվում են»։