Սյունիքում «Ֆորդ»-ն ու «ՎԱԶ 2121»-ը բախվել են իրար. վերջինս հայտնվել է գազատար խողովակի տակ (լուսանկարներ, տեսանյութ)
Ճանապարհային Ոստիկանություն 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Վանիկ Սաղոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 9-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ինչպես Tert.am-ին Սյունիքից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ ժամը 13-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետություն սահմանի 187-րդ կմ-ին իրար են բախվել Երևանի բնակիչ 29-ամյա Սեյրան Խաչյանի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 323 ԼՏ 62 համարանիշի և Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի բնակիչ 44-ամյա Սուրեն Վարդանյանի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի 05 ԼՏ 301 համարանիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով «ՎԱԶ 2121»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե սյանը և հարվածելով՝ հայտնվել գազի խողովակաշարի տակ: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ Սիսիանի ոստիկանապետ Գուրգեն Բեգլարյանի գլխավորությամբ:
Բարեբախտաբար գազի արտահոսք և պայթյուն ևս չի գրանցվել, ինչը կարող էր ծանր հետևանքներ ունենալ, քանի որ վթարի հարևանությամբ եղել է գազալցակայան:
Տեղում են եղել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Արամ Գալստյանի և ավագ տեսուչ Գուրգեն Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Հետաքննիչ Վ. Սաղոյանի հանձնարարականով երկու ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Սիսիանի բաժնի հատուկ պահպանման տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի









