Երևան-Աբովյան երթուղին կշարունակի գործել այսուհետ ևս. ԲՀԿ խմբակցության քարտուղար
Երևան-Աբովյան անվճար երթուղին գործում է 11 տարի, և որևէ գործադուլ չի կարող խոչընդոտ հանդիսանալ բարեգործական այդ ծրագրի շարունակականության համար, այս մասին Tert.am–ին հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։
«Անկախ նրանից, թե դա ո՞ւմ է դուր գալիս, ում՝ ոչ, նաև՝ նրանից, թե ովքե՞ր են կանգնած, այսպես կոչված, գործադուլի հետևում, այդ ծրագիրը չի՛ կասեցվելու, քանի դեռ երկիրը գտնվում է այնպիսի պայմաններում, ուր սոցիալական նման ծրագրերի կարիք և անհրաժեշտություն կա»,– ասաց նա:
Հիշեցնենք, որ Կոտայքի մարզում այսօր գործադուլ են սկսել «Քինգ դելյուքս» ընկերության մոտ հարյուր վարորդներ՝ դադարեցնելով մի շարք՝ Երևան-Աբովյան, Չարենցավան-Երևան երթուղիներով, ինչպես նաև, Չարենցավանից դեպի շրջակա մարզեր և Աբովյանի ներքաղաքային երթուղիներով երթևեկելը: Այսկերպ վարորդներն իրենց բողոքն են արտահայտում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ՝ անվճար բարեգործական ավտոբուսներ տրամադրելու և դրանով իրենց «գործին խփելու» հարցում:
ԲՀԿ խմբակցության քարտուղարը նշեց, որ «Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի» համար կա մեկ գերակա շահ՝ աբովյանցիների շահը:
«Իսկ այն, որ սոցիալական ինչպիսի պայմաններում է գտնվում ժողովուրդը, որ ինչպես աբովյանցիներն իրենք են ասում՝ սոցիալական այս պայմաններում այդ անվճար երթուղին իրապես ելք է, գոնե, ուսանողների համար օրական երկու անգամ Երևան գալու-գնալու, ես չէ, որ պիտի ինչ-որ մեկին ապացուցեմ: Ընտանիքներ կան, որոնք ինչպես աբովյանցիներն են ասում, «երկու անգամ երեք ուսանող երեխաներ ունեն» ( երեք ուսանողի գնալ-գալը -Tert.am) և ընդամենը տարրական մաթեմատիկական հաշվարկ է պետք, թե ինչքա՞ն կպահանջվի այդ ընտանիքից՝ երեխաներին վճարովի Երևան ուղարկելու համար»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
ՀԳ. Հիշեցնենք.ինչպես հաղորդվում է մամուլով՝ «Քինգ դելյուքսը» պատկանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանին՝ «Պալաչին», ում հետ, վերջին շրջանում, Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները սրվել են:









