Ընդունելություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում

16:15 • 11.07.12

Հուլիսի առաջին տասնօրյակում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն են այցելել ամերիկահայ կազմակերպություններում վերապատրաստում անցնող ուսանողական խմբերը:


ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը հուլիսի 2-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի, հուլիսի 7-ին` Նյու Յորքի Հայ դատի գրասենյակի, իսկ հուլիսի 10-ին` Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի փորձնակների խմբերին:


Դեսպան Մարգարյանը ուսանողների համար դասախոսություն է կարդացել` նվիրված ՀՀ արտաքին քաղաքականության հիմնահարցերին, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային խնդիրներին: Փորձնակների խնդրանքով նա ներկայացրել է արտաքին քաղաքականության մի շարք գերակա ուղղություններում ՀՀ դիրքորոշումը և պատասխանել բազմաթիվ հարցերի:

 

Ամերիկացի ունկնդիրները նշել են, որ նման հանդիպումների անցկացումը կարևոր է տարբեր խնդրահարույց հարցերի շուրջ քննարկումների ժամանակ հայկական կողմի մոտեցումները ճիշտ ներկայացնելու համար:

 

Տեղեկացնենք, որ ամերիկահայ կազմակերպություններում վերապատրաստում անցնող ուսանողական խմբերի համար դասախոսությունները ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում ավանդական բնույթ են կրում: Դրանք, որպես կանոն, ներառվում են խմբերի վերապատրաստման ծրագրերի մեջ: