ՀՀ փոխվարչապետն ընդունել է Գերմանական զարգացման բանկի պատվիրակությանը

15:36 • 11.07.12

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) պատվիրակությանը` բանկի փոխնախագահ Եվա Վիտի գլխավորությամբ:


ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ հանդիպմանը քննարկվել է բանկի աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը, որոնք ընդգրկում են էներգետիկ, ջրամատակարարման, ջրամբարաշինության, բնապահպանական, գյուղատնտեսական եւ ֆինանսական ոլորտները:


Նշվել է, որ բանկի հետ համագործակցության ընթացքում տարբեր ծրագրերի համար ընդհանուր առմամբ հատկացվել է 450 մլն եվրո, եւ բանկն ամրապնդում է դիրքերը` որպես Հայաստանի առաջատար գործընկերներից մեկը: Քննարկվեցին մարզերում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ընթացիկ եւ հեռանկարային ծրագրերի հետ կապված հարցեր:


Երկուստեք կարևորվել է «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ընկերությունների կողմից պայմանագրային պարտավորությունների ամբողջ ծավալով իրականացման խնդիրը: Ա. Գևորգյանը ողջունեց Կապսի ջրամբարի վերակառուցմանն աջակցելու բանկի պատրաստակամությունը` նշելով, որ ջրամբարների կառուցման հարցն առաջնային է կառավարության համար:

Անդրադարձ եղավ նաև «Վանաձոր քաղաքի կոշտ կենցաղային աղբի համակողմանի կառավարման հայեցակարգ» ծրագրի ընթացքին, որը ևս իրականացվում է բանկի օժանդակությամբ: Կողմերը հույս հայտնեցին, որ ծրագիրը հաջողությամբ կյանքի կկոչվի և կնպաստի համայնքի համար կարևոր նշանակություն ունեցող խնդրի լուծմանը:


Տկն Վիտը գոհունակություն է հայտնել Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքից: Նա տեղեկացրել է, որ առաջիկայում բանկը տարածաշրջանային նոր տնօրեն կունենա և վստահություն է հայտնել, որ փոխգործակցության բարձր մակարդակ կպահպանվի:


Կողմերն անդրադարձել են նաեւ աշնանը կայանալիք հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի նիստին և կարևորել առաջիկա տարիների համար նախանշված ծրագրերի քննարկումն ու հաստատումը: