Նախընտրական փուլում 5 կուսակցություն բանակցել է կրոնական կազմակերպությունների հետ
Հայաստանում նախընտրական շրջանում բացի երեք՝ Հայաստանի Հանրապետական, Հայաստանի կոմունիստական և «Օրինաց երկիր» կուսակցություններից, մյուս կուսակցությունները բանակցությունների մեջ են եղել տարբեր կրոնական կառույցների հետ, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Ալեքսանդր Ամարյանը:
«Բոլոր կրոնական կառույցները ֆինանսավորվում են արտերկրից, որն օրենքից դուրս է: Սակայն դրա համար, չգիտես թե ինչու, աղանդավորների նկատմամբ պատիժ չի կիրառվում»,- ասաց նա:
«Ես դրա մասին տեղյակ եմ պահել համապատասխան կառույցներին: Իրենք էլ իրենց հերթին կուսակցության առաջնորդներին նամակ են ուղարկել և տեղեկացրել, որ իրենք տեղյակ են այդ ամենից»,- փոխանցեց Ամարյանը:
Ալեքսանդր Ամարյանը նշեց, որ, ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցի համաձայն, 2010թ-ի տվյալներով՝ Հայաստանում բնակվում է ավելի քան 3 մլն բնակիչ և երկրի 90%-ը հետևորդն է պետական կրոնի՝ Հայ Առաքելական Եկեղեցու, իսկ 10%-ը, որը մոտավորապես կազմում է 360 հազար մարդ, այլ կրոնների է հարում։
Վերջինս տեղեկացրեց, որ այսօր կոսմետիկայի հայտնի ապրանքանիշերի ներկրողները տարբեր կրոնական կառույցների ներկայացուցիչներ են:
«Օրինակ՝ հայտնի «Մերի Քեյ» կոսմետիկայի ընկերությունը, «Ֆաբերլիկ»-ը աշխատում են ցանցային մարկետինգի շնորհիվ, որն իրականացվում է եկեղեցական կառույցների միջոցով: Նրանց առաջնորդներից շատերը հենց տարբեր կրոնական շարժումների ներկայացուցիչներ են»,- ասաց Ալեքսանդր Ամարյանը:
Բանախոսը նաև նշեց, որ քայքայիչ աղանդավորների գործունեությունը կանխելու նպատակով անհրաժեշտ են համապատասխան օրենքներ ու մասնագետներ, որպիսիք մենք այսօր չունենք: Նա ընդգծեց, որ «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն»-ը ոչ մեկի կողմից չի ֆինանսավորվում և չի էլ ֆինանսավորվելու:
«Մեզ մոտ մարդիկ աշխատում են իրենց գաղափարների համար և փորձում են մարդկանց դուրս բերել քայքայիչ աղանդների ցանցից իրենց, իսկ ցանկությամբ: Ես չէի ցանկանա այս դաշտում մոնոպոլիստ լինել: Կցանկանայի, որ գործեին էլի կազմակերպություններ և օգնեին մեզ այս հարցում»,- նկատեց Ալեքսանդր Ամարյանը:









