Գերմանիայում կենդանաբանական այգուց 5 շիմպանզե է փախել
Գերմանիայի Հանովեր քաղաքի կենդանաբանական այգուց 5 շիմպանզեի փախուստի պատճառով երեխա է տուժել: Փախստական կապիկների վախից տեղի ոստիկանությունը շտապ կարգով տարհանել է այգու բոլոր այցելուներին, հաղորդում է BBC-ն:
Գերմանական Bild պարբերականի տվյալներով, տուժած աղջիկը գլխի վնասվածք և մի քանի կապտուկ է ստացել: Նրան հիվանդանոց են տեղափոխել:
Թե ինչպե՞ս են կապիկները խմբակային փախուստ իրականացրել, դեռ անհայտ է, սակայն ենթադրություն կա, որ նրանք այդ նպատակով օգտագործել են վանդակի մոտակա ծառերը:
Փախուստից րոպեներ անց կապիկներից 4-ը վերադարձել են, սակայն նրանցից ամենատարեցը` 38-ամյա Մաքսին ներխուժել է գորիլաների ազատավանդակ, որտեղ, այգու աշխատակիցների պնդմամբ, տեղի առաջնորդի հետ «կարճատև զրույց» է ունեցել:









