Մեր հասարակության ներսում նոր և չափազանց հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում. Ալեքսանդր Իսկանդարյան
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատմամբ, մեր հասարակության ներսում նոր և չափազանց հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում, ինչը նա կապում է սոցիալական շարժումների ու հասարակական քաղաքացիական նախաձեռնությունների աշխուժացման՝ փողոց դուրս գալու հետ: Այս մասին ասաց քաղաքագետն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում:
Չնայած այդ շարժումների աշխուժացմանը, բանախոսը չի կարծում, որ դա կարող է ռեալ քաղաքական պայքարի դեր ստանձնել առաջիկա նախագահական ընտրություններում:
Նկատվող երևույթը քաղաքագետն ընդամենը կապում է նոր ձախ գաղափարախոսության ձևավորման հետ, ինչն ըստ նրա, Հայաստանում մինչ այս գոյություն չուներ: «Եվրոպական դասական նոր ձախ ուղղվածություն է ի հայտ եկել Հայաստանում»,-ասաց նա և թվարկեց, որ դրանք մտահղացումներ են՝ քննարկումների, պայքար հարստության դեմ, ուղիղ մասնակցություն քաղաքականությանը և, որ ամենակարևորն է, այս ամենի հիմքում ընկած է էկոլոգիան:
«Այս ցանցերում գործող մարդիկ միավորված են մեկ սոցիալական կարգավիճակի ներքո՝ նրանք միջին խավի ներկայացուցիչներ են, որոնք կրթություն ունեն, կամ դեռ չեն ավարտել, իսկ ակցիաներն ու ցույցերը՝ հիմնված էկոլոգիայի վրա՝ կլասիկա է: Եվրոպայում մի շարք կարևոր կուսակցություններ ծագել են հենց էկոլոգիական շարժումներից, այսօր Եվրոպական խորհրդարանում կան քաղաքական գործիչներից չտարբերվող պատգամավորներ, որոնք տարիներ առաջ եղել են այնպիսին, ինչպիսին նույն Մարիամ Սուխուդյան է»,-ասաց նա:
Ալեքսանդր Իսկանդարյանը, բոլոր առումներով, դեռևս լուրջ չի համարում այս շարժումները և բացատրում է, որ եթե մի քանի հարյուր քաղաքացու փոխարեն փողոց դուրս եկածների թվում տեսներ 50 000 մարդու, որոնց մեջ հիմնական մաս կկազմեն «դզող-փչողները, Բանգլադեշում կանգնած առևտրականն ու խանութի վաճառողները, անտուններն ու սովածները», այդ ժամանակ արդեն, ըստ նրա, կարելի էլ ասել, որ դա լուրջ քաղաքական գործընթաց է: «Մինչդեռ այսօր այն մարդկանց ցանց է՝ իրենց սոցիալական կապերով:
«Ի տարբերություն կուսակցությունների, նրանց առիթ է պետք գործելու, եթե կա առիթ, արդեն ակտիվությունը երևում է , մինչդեռ կուսակցությունը պետք է գոյություն ունենա մշտապես»,-ասաց նա:
Հայաստանում ծավալվող նոր շարժումը քաղաքագետը բոլորովին չի կապում տարբեր երկրներում տեղի ունեցած և շարունակվող «Արաբական գարուն» կոչվող շարժման հետ, քանի որ, ըստ նրա, դրանք չափազանց տարբեր գործընթացներ են: Իսկանդարյանը նման շարժումները չի կապում նաև Facebook սոցիալական ցանցի հետ: Ըստ նրա՝ Facebook-ն ընդամենը մեկ գործիք է՝ տեխնիկական միջոց, որը կարող է անել այն, ինչն իր ժամանակին արեց հեռուստատեսությունը, թերթն ու թատրոնը:
Իսկ առաջիկա նախագահական ընտրություններն, ըստ նրա՝ կանցնեն այնպես, ինչպես սովորաբար են անցնում, ընդամենն այն տարբերությումբ, որ «գուցե աղմուկը շատ լինի»:









