ԵԱՀԿ Մինսկի խումբն ընդգծված ակտիվ է.Անրի Ռենո
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս տարվա սկզբից ընդգծված ակտիվություն են ցուցաբերում ԼՂ հակամարտության լուծման ուղիների փնտրման ուղղությամբ: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն:
«Բոլորովին վերջերս համանախագահող երկրների նախագահները Փարիզում հյուրընկալեցին երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին: Հենց այդ առիթով նույն օրերին համանախագահող 3 երկրների նախագահները հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ Լոս Գաբոսում տեղի ունեցող գագաթնաժողովի ընթացքում հենց այն պահին, երբ ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար` դեսպան Լամբերտո Զանյեն տարածաշրջանային այցով այստեղ էր գտնվում: Նման աշխատանքային ժամանակացույցն ընդգծում է այն, որ ակտիվորեն իրականացվում են ԼՂ խնդրի կարգավորման հարցում լուծում գտնելու աշխատանքները»,-ասաց դեսպանը:
Նա հիշեցրեց, որ այս տարվա հունվարին Սոչիում կայացած գագաթաժողովին, որին մասնակցում էին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, ընդունվեց մի փաստաթուղթ, որի առաջին կետը ենթադրում է հակամարտության լուծման ուղիների փնտրման արագացում: Այսօր, դեսպանի տեղեկացմամբ, Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են հենց այդ ուղղությամբ:
«Երկրորդ կետով արձանագրվում է երկու երկրների շփման գծում տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ հետաքննության ծավալման անհրաժեշտության մասին: Իսկ երրորդ կետով նախատեսվում է աշխատանքներ տանել երկու երկրների հասարակությունների միջև շփումների հաստատման ուղությամբ, որն այսօր փորձում են իրականացնել»,-ասաց նա և ավելացրեց, որ երկու երկրների նախագահներն էլ համաձայնել են Սոչիում ընդունված փաստաթղթում հաստատված կետերի հետ և հենց նրանց համաձայնությամբ է, որ Մինսկի խումբը շարունակում է իր գործունեությունը:









