Մաքուր եթեր պահանջելուց առաջ պետք է հասկանալ, թե ինչ ենք ուզում այդ եթերից. Երևանդ Մանարյան
Ժողովրդական արտիստ, «Ագուլիս» տիկնիկային թատրոնի հիմնադիր տնօրեն Երվանդ Մանարյանը նախ խորհուրդ է տալիս մինչ մաքուր եթեր պահանջելը նախ հասկանալ, թե ի՞նչ են ուզում տեսնել նույն եթերից:
«Պետք է հասկանալ հանուն ինչի՞ ենք անում, հեռուստաեթերը մեր ինչի՞ն է պետք՝ հասարակության ազատ ժամերը լրացնել սերիալների միջոցո՞վ, որն ի դեպ, բարի ցանկություն է, թե՞ լուրեր հաղորդելը, թե՞ ավելի կարևոր բան կա»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հարց ուղղեց Ժողովրդական արտիստը։
Մանարյանի կարծիքով՝ հենց այդ «ավելի կարևոր բան է»-ի շուրջ էլ պետք է մտածել, իսկ դա, ըստ նրա, սերունդների դաստիարակության խնդիրն է: «Հակառակ դեպքում ոչ թե հարևանները վրա կտան, քանի որ նրանք էլ մի լավ օրի չեն, այլ առաջավոր աշխարհը, որն այդ ամենը քայլ առ քայլ է նվաճել»,- ասաց նա:
Մանարյանի համոզմամբ՝ այս ամենը հետևանք է նրա, որ շատերը անկախությունը շփոթեցին Խորհրդային կապանքների հետ և չունենալով անկախության մասին անհրաժեշտ գիտակցություն՝ մատնվեցին շփոթության, փորձեցին սրանից- նրանից ինչ-որ բան վերցնել, իսկ արդյուքնում կորավ սեփականը:
Ժողովրդական արտիստը, ընդունելով հեռուստաընկերությունների կողմից բերվող պատճառաբանությունները, թե ազատ ձեռներեցություն է, միաժամանակ նկատում է. «Ասում են ազատ ձեռներեցություն է, դա հրաշալի է, բայց դա չի նշանակում ում խելքին ինչ փչի՝ անի»:
Մանարյանն այս ամենը վերահսկելու համար նաև չի կարծում, թե հանձնաժողով է պետք, հատկապես, հաշվի առնելով, մեր՝ հայերիս հոգեբանությունը: «Հանձնաժողովն ի՞նչ պետք է անի։ Չեմ կարծում, որ դա ճիշտ ճանապարհ է: Հանձնաժողովի հետ լեզու գտնելը դժվար գործ չէ, հատկապես, մեր՝ հայերիս համար»,- նշեց նա:
Մանարյանն առաջարկում է խնդրի լուծման իր տարբերակը. պետք է միայն մեր հույսը դնել հայաստանյան հեռուստաընկերությունների տնօրինության բարոյական խղճի վրա: «Պարազապես նա, ով աշխատում է, իր առջև ազնիվ գործեր անելու խնդիր պետք է դնի»,- բացատրեց նա:
Մանարյանը դրան զուգահեռ նշում է, որ այսօր ինքն էկարնին գրեթե անշնորհք դերասան չի տեսնում. «Ինչ էլ բացեն՝ շնորհալի դերասաներն են, բայց, այ, թե ի՞նչ են մատուցում, ի՞նչ են ուզում սովորեցնել, դա արդեն հարցի մյուս կողմն է: Իրենց առաջ խնդիր չունեն դրված, նույնիսկ մարդկային տարրական խնդիր ունենային, օրինակ, երեխա հանդիսատեսին նման աշխատանք ներկայացնելուց առաջ»:
Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու սարկավագ , Ճարտարագիտական համալսարանի «Սասուն» ազգային երգի պարի համույթի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ սարկավագ Մանուկյանի համոզմամբ՝ անհրաժեշտ է առաջնորդվել ազգային ինքնությամբ, դրան հետևել ամեն քայլափոխի: Նա այս ամենի պատճառ է համարում նույն կառույցների աշխատակիցների կրթական մակարդակը:
«Այստեղ բարդ խնդիր չկա, մնում է հասկանալ, թե ի՞նչ ենք ուզում, ուզում ենք ազգ մնա՞լ, թե՝ ոչ»,- նշեց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը:
Անդրանիկ սարկավագ Մանուկյանը նկատում է, որ ինքն էլ իր տեսահոլովակներում զենք է կրում, մարտական կոչ անում, սակայն, ըստ նրա, դա ազգային գաղափարախոսություն է, որը հիմնված է Աստվածաշնչյան խոսքի հիման վրա. «Քարոզե՛ք զամենայն հեթանոս»,- ինչն էլ նա անում է:
Մինչդեռ ըստ Անդրանիկ սարկավագի, այսօր «թեթևսոլիկությունն է ձեռք տալիս». «Թեթև անառակության շնորհիվ են փորձում գումար վաստակել և դաշտը գրավել: Ի սեր Աստծո, բոլորն էլ իրավունքն ունեն ապրելու, բայց ոչ, երբ այդ բարքերը անձնականից դուրս է գալիս հասարակական միջավայր»,-ասաց նա:









