Բաթումիում Հայաստանի, Վրաստանի նախագահների ու Մոլդովայի վարչապետի անունից հռչակագիր է ընդունվել

10:45 • 11.07.12

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը հուլիսի 10-ին մասնակցել են Բաթումիում կայացած Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջին գագաթաժողովին, որին ներկա են եղել Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավար Վիլֆրիդ Մարտենսը, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, փոխվարչապետ ու եվրոպական ինտեգրման նախարար Գրիգոլ Բարամիձեն, Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատը, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Յուրի Լյանկեն:

 


Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից, գագաթաժողովին անդրադարձ է կատարվել «Արևելյան գործընկերության» շրջանակներում ընթացող համագործակցությանն ու դրա հեռանկարներին:


Քննարկվել են հետևյալ հարցերը. «Արևելյան գործընկերությունը« 2011թ. Վարշավայի գագաթաժողովից մինչև 2013թ. Վիլնյուսի գագաթաժողով, Եվրոպական ժողովրդական կուսակցության և դրա անդամ հանդիսացող «Արևելյան գործընկերության» երկրների կուսակցությունների միջև համագործակցության զարգացումը, «Արևելյան գործընկերության» քաղաքական հարթության ամրապնդումը, «Արևելյան գործընկերության» սեկտորային համագործակցության խթանումը:

 

Այս հարցերի շուրջ գագաթաժողովին հայկական կողմի տեսակետները ներկայացրել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:


Գագաթաժողովում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատի անունից ընդունվել է համատեղ եզրափակիչ հռչակագիր, որտեղ ներկայացվել է ԵԺԿ և գագաթաժողովի մասնակից երկրների տեսլականն «Արևելյան գործընկերության» հեռանկարների, ԵԺԿ անդամ կուսակցությունների միջև համագործակցության վերաբերյալ:


Հռչակագրում ամրագրվել է, որ այս ձևաչափով հաջորդ գագաթաժողովը տեղի կունենա այս տարվա վերջին Երևանում:
Նույն օրն առավոտյան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսին, որի հետ մտքեր են փոխանակել Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության վերաբերյալ:


Գագաթաժողովին նախորդել է նախարարների հանդիպումը, որին մասնակցել են ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսը, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Վրաստանի փոխվարչապետ Գրիգոլ Բարամիձեն և Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Յուրի Լյանկեն: