Գերմանիայում տղամարդկանց համար առանձին ավտոկայանատեղի է բացվում. քաղաքապետին սեքսիզմի մեջ են մեղադրում

13:57 • 11.07.12

Գերմանիայի Թրիբերգի քաղաքի ղեկավար Գալլուս Շտրոբելը մեղադրվում է սեռական խտրականության մեջ` քաղաքում «միայն տղամարդկանց համար» ավտոկայանատեղի կառուցելու պատվերի համար, տեղեկացնում է Daily mail-ը:


Շտրոբելը պատվիրել է կառուցել ավտոկայանատեղիներ, որոնցում կանանց և տղամարդկանց մեքենաների կայանման վայրերը համապատասխան խորհրդանիշերով տարբերակվում են: Կանանց համար նախատեսված ավտոկայանատեղն ավելի լայն է, իսկ տղամարդկանցը` ավելի բարդ ու դժվար կայանման համար:


Քաղաքապետն իր որոշումը մեկնաբանում է այսպես. «Տղամարդիկ, որպես կանոն, ավելի լավ են նման մարտահրավերներում»: Նա նշել է նաև, որ գերազանց կին վարորդներ նույնպես կան:


Քաղաքապետի համոզմամբ` ինքը հիմնականում դրական արձագանք է ստացել:


Ֆեմինիստները քաղաքապետի այս քաղաքականությունից դժգոհ են:

«Նա փորձում է ասել, որ կանայք չեն կարողանում այնքան լավ վարել, որքան տղամարդիկ»,- տեղական ռադիոկայաններից մեկին ասել է քաղաքի կանանցից մեկը:

Նրան մեղադրել են սեռային հավասարությունը խախտելու համար: