Գեղարքունիքի մարզում փոխվարչապետը ծանոթացել է առաջնահերթ խնդիրների իրականացման աշխատանքներին

18:03 • 11.07.12

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Գեղարքունիքի մարզում ծանոթացել է առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին, այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
 

Մարզում առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ փուլով աշխատանքները շարունակվում են, առաջիկայում կմեկնարկեն նաեւ երրորդ փուլով նախատեսված աշխատանքները: Յուրաքանչյուր փուլով մարզին հատկացվել է 1,1-ական մլրդ դրամ, որն ուղղվել է հիմնականում ջրագծերի, համայնքային կենտրոնների, մշակույթի տների, դպրոցների եւ մանկապարտեզների, միջհամայնքային ճանապարհների վերանորոգմանը:


Մարզպետ Ռ. Գրիգորյանի ուղեկցությամբ, փոխվարչապետն այցն սկսել է Ծաղկունք համայնքից, որտեղ ընթացքի մեջ են օրվա կարգավորիչ ջրամբարի վերականգնման եւ 5,8 կմ երկարությամբ խմելու ջրագծի կառուցման աշխատանքները:


Այս նպատակով մարզի աջանահերթ խնդիրների լուծման ծրագրով ընդհանուր առմամբ հատկացվել է 108 մլն դրամ: Ա. Գեւորգյանը ծանոթացել է կատարված աշխատանքներին. Զեկուցվել է, որ առաջիկայում կավարտվի կարգավորիչ ջրամբարի վերակառուցումը և կմեկնարկեն ջրագծի կառուցման աշխատանքները:


Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ծրագիրը, ինչպես նաև գյուղի ջրամատակարարման համակարգի կառավարման խնդիրը կքննարկվի նաև ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ մասնագետների հետ:


Մարզպետը նաև փոխվարչապետին տեղեկություններ և ներկայացրել Դդմաշեն - Հրազդան ճանպարհահատավածի վերականգնման ընթացքի մասին: Նշվել է, որ 5,5 կմ երկարությամբ հատվածի վերականգնումը նախատեսվում է ավարտել օգոստոսի վերջին: Ծրագրի արժեքը 581,5 մլն դրամ է:


Գեղամավան համայնքում վերանորոգվում է մշակույթի տունը, որի համար ծրագրի առաջին փուլով հատկացվել է 45, երկրորդ փուլով` 30 մլն դրամ: Փոխվարչապետին զեկուցվել է, որ երկրորդ փուլով նախատեսված աշխատանքները կավարտվեն մեկ շաբաթից:


Ա. Գևորգյանը մարզպետի և համայնքապետի ուշադրությունը հրավիրել է ջեռուցման համակարգի կառուցման անհրաժեշտության վրա:

Փոխվարչապետը Սևան քաղաքում ծանոթացել է Նալբանդյան 36 հասցեում գտնվող բազմաբնակարան վթարային շենքի խնդրին: Տեղում, մարզպետի և բնակիչների մասնակցությամբ քննարկվել է իրավիճակը: Հաշվի առնելով, որ ծրագրի երկրորդ և երրորդ փուլերով շենքի վերակառուցման համար հատկացված 60 մլն դրամով հնարավոր չէ խնդիրը լուծել, քննարկվել է բնակիչներին բնակարանի գնման վկայագրերի տրամադրման հնարավորությունը:


Սեւան քաղաքում փոխվարչապետը ծանոթացավ նաեւ ներհամայնքային ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներին, որի համար ծրագրի երրորդ փուլով հատկացվել է 68 մլն դրամ:


Սեւանից փոխվարչապետը մեկնել է Գավառ` ճանապարհին կանգ առնելով Ծովագյուղ և Ծովազարդ համայնքներում: Ծովագյուղում Ա. Գևորգյանը ծանոթացել է հիմնանորոգված մանկապարտեզի պայմաններին, որի համար ծրագրի առաջին և երկրորդ փուլերով ընդհանուր առմամբ հատկացվել է 75 մլն դրամ:


Մարզպետը տեղկացրել է նաև, որ ընթացքում է գյուղի դպրոցի վերանորոգումը, որի համար պետբյուջեով հատկացվել է 210 մլն դրամ:


Ծովազարդում ևս դպրոցի վերնորոգման աշխատանքներ են իրականացվում առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ փուլով հատկացված 20 մլն դրամով:


Գավառ քաղաքում փոխվարչապետը ծանոթացել է թատրոնի շենքի վերակառուցման աշխատանքներին: Ծրագրով այս նպատակի համար ընդհանուր առմամբ հատկացվել է 100 մլն դրամ:


Այցի ընթացքում մարզպետի հետ քննարկվել են ծրագրերի կատարմանն առնչվող հարցեր, տրվել են համապատասխան հանձնարարականներ: Փոխվարչապետը մարզպետին հորդորել է հետևել, հատկապես, շինարարական աշխատանքների որակին և ծրագրով նախատեսված աշխատանքների` ողջ ծավալով իրականացմանը:

Անդրադարձ է եղել նաև սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին: