ՀՀ գյուղնախարարը տպավորված է Արցախի գյուղատնտեսության ոլորտի փոփոխություններով
Հուլիսի 5-ից 7-ը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային այցով եղել է Արցախում՝ տեղում ծանոթանալու հայկական երկրորդ հանրապետության գյուղատնտեսության խնդիրներին և արցախցի գործընկերների հետ քննարկելու հետագա փոխհամագործակցության հարցերը:
Ինչպես տեղեկացնում են գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ գյուղատնտեսության նախարարին ընդունել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Սերգո Կարապետյանը հանդիպել է նաև հանրապետության բարձրաստիճան այլ պաշտոնյաների, գործարարների և ֆերմերների հետ:
ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանի ուղեկցությամբ Սերգո Կարապետյանն այցելել է բազմաթիվ համայնքներ, տոհմային և սելեկցիոն կայաններ ու կենտրոններ, անասնապահական ֆերմաներ, տնտեսություններ, վերամշակող ձեռնարկություններ և ԼՂՀ անասնաբուժական լաբարատորիա:
ԼՂՀ վարչապետի արձակուրդում լինելու պատճառով, փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտին առնչվող տարաբեր հարցեր:
ՀՀ գյուղնախարարը նշել է, որ տպավորված է նախորդ այցելությունից հետո ընկած ժամանակահատվածում Արցախի գյուղատնտեսության ոլորտում կատարված դրական փոփոխություներով, հատկապես անասնապահության ոլորտի ձեռքբերումներով:
Սերգո Կարապետյանն առաջարկել է Ստեփանակերտում եվրոպական չափանիշներով կառուցվող նոր շենքային պայմանների բազայի վրա ստեղծել սննդամթերքի անվտանգության ծառայություն:
Հանդիպմանը ներկայացվել է Հայաստանում տարվա կտրվածքով ակնկալվող ձեռքբերումների համապատկերը, խոսվել գյուղմթերքների բարձր բերքատվությանը խոչընդոտող պատճառներից: Քննարկվել են նաև գյուղմթերքների արտահանման, դրանց ստանդարտացման, մասնագետների վերապատրաստման հետ կապված հարցեր:
Արցախյան հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել հետագա համագործակցության այլ պայմանավորվածություններ նույնպես:









