Նախագահական ընտրություններին ընդդիմությանը չի հաջողվի հանդես գալ մեկ միասնական թեկնածուով. ՀՀԿ պատգամավոր

19:29 • 11.07.12

Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը չի կարծում, որ առաջիկա նախագահական ընտրություններին ընդդիմադիր քաղաքական ուժերին կհաջողվի համախմբվել և հանդես գալ մեկ միասնական թեկնածուով:
«Այս պահի դրությամբ տպավորությունն այդպիսն է, որ դեռևս հայտարարությունների, ռեպլիկների ձևով որոշակի խնդիրներ բարձրացնելով՝ փորձում են որոշակի իմպուլսներ ուղարկել: Մինչդեռ հետևելով մամուլին և ընդհանուր տեղեկատվությանը՝ առհասարակ պարզ է դառնում, որ դեռևս ամեն ինչ չէ, որ հարթ է ընդդիմադիր ճամբարում»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:


Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտարարությունը, թե Դաշնակցությունը հնարավոր է համարում, որ հաջորդ տարի անցկացվելիք նախագահական ընտրություններին ընդդիմադիր քաղաքական ուժերը հանդես գան միասնական թեկնածուով՝ ՀՀԿ պատգամավորը «բավականին լավատեսական» է համարում:


«Ռուստամյանի նման հայտարարությունը բավականին լավատեսական է, մինչդեռ հայ իրողությունը քաղաքական դաշտում մի փորք այլ բան է ապացուցում: Նույնիսկ մեր կուսակցության մեջ երբեմն լինում են խնդիրներ, որ կուսակցությունը մեկ անձի շուրջ չի լինում համաձայնություն, ուր մնաց, որ ընդդիմադիր դաշտում մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժերը և հատկապես խորհրդարանական ընդդիմադիր քաղաքական ուժերը կարողանան մեկ թեկնածուի շուրջ համախմբվել»,-ասաց նա՝ այս ամենին գումարելով նաև նախորդ ընտրությունների փորձը:


Հովհաննես Սահակյանը նկատում է, որ նաև իշխանության քաղաքական կամքի շնորհիվ էր, որ ձևավորեց ընդդիմության իսկ բառերով բնութագրած «ամենալուրջ Ազգային ժողովը»: «Հենց իշխանության շնորհիվ է, որ ընդդիմության կարկառուն ներկայացուցիչ Արամ Մանուկյանն իր հարցազրույցներից մեկում նշեց, որ այս ԱԺ-ն ամենահաջողվածն է, որովհետև ի դեմս իրենց՝ կայացած ընդդիմություն է: ԱԺ-ից անցում կատարելով նախագահական ընտրություններին՝ պետք է ասեմ, որ այո, այդ կամքն այստեղ էլ ունենք, և պատրաստ ենք անցկացնել ԱԺ ընտրություններից ևս մեկ-երկու քայլ առաջ դեպի դրականը»,-ասաց նա և ավելացրեց, որ Աժ ընտրություններն իրենց համար լուրջ ձեռբերում էր և ամեն ինչ կանեն այդ նիշը պահելու համար:


Այս ամենից բացի, նա խորհուրդ է տալիս ընդդիմությանը նույնպես քաղաքական կամք դրսևորել և իրենց մեջ եղած խնդիրները հստակեցնելով գնալ ընտրություների:


«Մի փոքր անկեղծ լինեք և ասենք, որ լավ կլիներ մեր ընդդիմությունն ինքն էլ դրսևորեն այդ քաղաքական կամքը և իրենց խնդիրները հստակեցնելով՝ գնային ընտրությունների, որպեսզի իրենց մեջ խնդիրները պարզելու համար կասկածի տակ չդնեին ընտրական գործընթացները»,-ասաց նա: