Ջավախքում հասարակական գործիչներն ընդդիմադիր հայացքներ ունեն. վրացագետ
Ջավախահայության առջև այսօր կանգնած են մի շարք այնպիսի խնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահանջում. դրանք են՝ գյուղատնտեսական ոլորտի, մարդու իրավունքների պաշտպանության, հայոց լեզվի իմացության հետ կապված տարբեր հարցերը: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց վրացագետ Ալիկ Էրոյանցը:
«Այսօր կրճատվել են հայերեն լեզվի դասաժամերը և փոխարենը դասավանդվում են վրացերեն: Հայկական դպրոցի տնօրեններ են նշանակվում վրացիները: Բայց վրացերենի հարցը, իրոք, Ջավախքում խնդիր է, որովհետև բնակչությունը չի տիրապետում դրան և ասում են հենց այդ է պատճառը, որ բնակչությունն առաջ չի կարողանում գնալ և չի զբաղեցնում պաշտոններ»,-նկատեց վրացագետը:
Tert.am-ի հարցին՝ Վրաստանում աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններում ջավախահությունը ո՞ր քաղաքական ուժին կսատարի և ո՞ր կուսակցությունն է, որն ի տարբերություն ներկայիս իշխանությունների, ավելի դրական վերաբերմունք ունի ջավախահայության նկատմամբ, վրացագետը պատասխանեց. «Այսօր Ջավախքում կան շատ ընդդիմադիր հայացքներ ունեցող հասարակական գործիչներ: Նրանք կարող են իրենց շուրջ համախմբել հայության մեծ մասին»:
«Սակայն Վրաստանի իշխանությունները կոնկրետ հայաբնակ տարածքներում, այսպես ասած, խիստ քաղաքականություն են վարում և ակնհայտ ճնշումներ գործադրում հայերի նկատմամբ»,-ասաց նա և ավելացրեց, որ լարվածությունն ավելի կմեծանա մի քանի ամսից, երբ մոտենա խորհրդարանական ընտրությունների օրը:
Միաժամանակ, վրացագետը նշեց, որ մեծ հաշվով, ջավախահայության համար տարբերություն չկա, թե ո՞ր ուժը կգա իշխանության:
«Եթե իշխանության գլուխ չգա այսօրվա քաղաքական ուժը, ապա չեմ կարծում, որ ջավախահայության խնդիրները սրանով կլուծվեն: Սա կարծես ավելի շատ պետական քաղաքականություն լինի Ջավախքի նկատմամբ»,- հավելեց Ալիկ Էրոյանցը:









