«Մագնիտսկու օրենքը» սկսել է կիրառվել նաև Ադրբեջանի նկատմամբ
ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի դեսպանատները Ադրբեջանում փաստացի սկսել են Բաքվի նկատմամբ կիրառել «Մագնիտսկու օրինագծին» համարժեք մեխանիզմ, մասնավորապես մի շարք ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը` հղում կատարելով haggin.az կայքին:
Կայքը տեղեկություններ է ստացել դիվանագիտական աղբյուրներից և նշում է, որ ուժային կառույցները ներկայացնող պաշտոնյաներն արդեն հայտնվել են ԱՄՆ-ի և Միացյալ թագավորության սև ցուցակներում:
«Դիվանագիտական ներկայացուցչությունները սկսել են իրավապահ մարմիններից: Արդեն որոշում է կայացվել ազգային անվտանգության և ներքին գործերի նախարարությունների մի շարք աշխատակիցներին վիզա չտրամադրելու վերաբերյալ: Ցուցակում ներգրավված են կտտանքների և ընդդիմադիր գործիչների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի ցուցաբերելուն առնչված պաշտոնյաները», - նշել է դիվանագիտական աղբյուրը:
Նույն աղբյուրը պնդում է, որ նշյալ միջոցառումը ոչ պաշտոնական նախազգուշացում է Ադրբեջանի իշխանություններին, և եթե երկրի կառավարությունը չանսա Արևմուտքի խորհուրդներին, ապա «Մագնիտսկու մեխանիզմը» կներդրվի Ադրբեջանի դեմ իր՝ ողջ թափով:
Պարբերականը պնդում է, որ արդեն իսկ հայտնի են այն պաշտոնյաների անունները, որոնց մերժել են ԱՄՆ և Մեծ Բրիտանիա մուտքի արտոնագիր տրամադրել:









