Լեզվի պետական տեսչության սուրը կտրում է, բայց ոչ այնքան. օրենքն է անկատար

12:41 • 11.07.12

ՀՀ կրթության և գիտության նախարարության Լեզվի պետական տեսչությունը վերջին վեց ամիսներին 60 տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ հարուցել է դատական վարույթներ, ինչի արդյունքում, պետական բյուջե է գանձվել մոտ 3 միլիոն դրամ, այսօր լրագրողների հետ հանդիպման Ժամանակ հայտնեց Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը։


«Թվում է, թե ամիսների ընթացքում 60–ը հսկա Երևանի համար շատ փոքր է, բայց սա բերում է շղթայական ռեակցիա, հները վերափոխում են իրենց ցուցանակները, նորերն էլ փորձում են օրենքի տառին համապատասխան կազմակերպել գործընթացը»,– ասաց նա:

 
Առավել հաճախ հանդիպող խախտումները վերաբերում են փակցված ցուցանակներին և գովազդներին, որոնք կա՛մ օտար լեզվով են ներկայացված, կա՛մ հայերեն ցուցանակները չեն գերակայում: Այսինքն` հայերեն գրությունը տեղադրված է ոչ թե ձախից աջ, ինչպես հայերենում կարդում ենք, այլ հակառակը, կամ հայերեն գրվածքը ծավալով ավելի փոքր է լինում:


Նրա խոսքով, անցած 6 ամիսների ընթացքում ևս թիրախային են եղել մայրաքաղաքի ցուցանակները: Սերգո Երիցյանը նշեց, որ իրենց հասցեներ են հուշում նաև քաղաքացիները: Օրինակ` մի փաստաբան մոտ 50 հասցե է ուղարկել` համապատասխան լուսանկարներով:

 

Հարցին, թե տուգանվածների մեջ կա՞ն հայտնի և խոշոր տնտեսվարողներ, Սերգո Երիցյանը խուսափեց շատ անուններ հիշատակելուց, նախ, որովհետև չէր ցանկանում գովազդել այդ ընկերություններին և երկրորդ՝ բոլորը չէր հիշում, բայց մեկ-երկուսը նշեց` «Բեյսիք հաուս», «Կաշարել» և այլն:


Լեզվի պետական տեսչության պետի խոսքով` դատական գործընթացը ժամանակատար է, տևում է մի քանի ամիս: Գործեր էլ կան, որ կարիք ունեն տարբեր ատյաններ անցնելու, և այդ պարագայում գործընթացը տևում է մոտ մեկ տարի:


«Թվում է` օրենքը կա, բայց օրենսդրական պահանջների չիմացության պատճառով խախտումներ են լինում»,- նկատեց նա:

 

Սերգո Երիցյանի խոսքով՝  խնդիրների առկայության պատճառը օրենսդրության անկատարությունն է, ինչի հետևանքով, օրինակ` վերջին 8-9 տարիներին չի գործում տերմինաբանական խորհուրդը: Իսկ հեռուստաեթերի վերահսողության հարցում Լեզվի պետական տեսչությունն ունի, գրեթե, նույն գործառույթները, ինչ հասարակ քաղաքացին: Այնպես որ, քանի դեռ օրենսդրական կարգավորումներ չեն եղել, Լեզվի պետական տեսչության աշխատակիցներին մնում է միայն վրդովվել «զգացական մակարդակով»:

 
Ս. Երիցյանը տեղեկացրեց, որ այս պահին շրջանառության մեջ են երեք օրենսդրական նախաձեռնություն, որոնք առնչվում են Լեզվի պետական տեսչության գործունեությանը, լեզվական քաղաքականությանը և լեզվական վերահսկողությանը:


«Մենք միակ տեսչությունն ենք, որ չունենք օրենք մեր մասին, կա օրենսդրական նախաձեռնություն և հուսով եմ, որ նոր ԱԺ-ն աշնանն իր աշխատանքները կսկսի այս նախաձեռնությունից»,- ասաց Սերգո Երիցյանը: