Վաշինգտոնում անցկացվել են մարզական խաղեր` նվիրված ՀՀ զինված ուժերի 20-ամյակին
Հունիսի 4-8-ը Վաշինգտոնում անցկացվել են Հայ մարմնակրթական ընդհանուր միության ԱՄՆ արևելյան ափի 22-րդ շրջանային միջմասնաճյուղային խաղերը, որոնք նվիրված էին ՀՀ զինված ուժերի 20-ամյակին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից, մրցույթներին մասնակցել են ԱՄՆ 10 նահանգները ներկայացնող հայ համայնքի 500-ից ավելի մասնակիցներ: Խաղերին նվիրված պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 7-ին:
Ներկաներին ողջույնի խոսք է հղել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը: Բարձր գնահատելով ՀՄԸՄ-ի դերը նոր սերնդի ազգային դաստիարակության և Սփյուռքում հայապահպանության գործում` դեսպան Մարգարյանը նշել է, որ ՀՄԸՄ խաղերը ոչ միայն մարզական միջոցառում են, այլ նաև միասնության ու համերաշխության ոգին տարածելու գերազանց հնարավորություն:
Նա հավելել է, որ Հայրենիքի անկախության վերականգնումից ի վեր ՀՄԸՄ օրինակով առաջ են եկել նոր նախաձեռնություններ, այդ թվում Համահայկական մարզական խաղերը, «Բազե» երիտասարդական հավաքը և այլն:
Հունիսի 8-ին տեղի է ունեցել շքերթ խաղերի փակման կապակցությամբ և պարգևների հանձնման արարողություն:Ներկաներին կրկին ողջունել և շնորհավորել է ՀՀ դեսպանը:









