Հայաստանում տնտեսական խնդիրների պատճառով աճել է ինքնասպանությունների թիվը. Deutche Welle
«Հայաստանում ինքնասպանությունների թվի աճի տեմպերն անհանգստացնում են փորձագետներին: Նրանց կարծիքով այդ երկրի բնակիչները ինքնակամ հրաժարվում են կյանքից՝ նախևառաջ տնտեսական խնդիրների պատճառով: Վերջին կես տարում 47 ինքնասպանություն է գրանցվել: Թիվը համարյա կրկնակի գերազանցում է 2011-ի նույն ժամանակաշրջանին տվյալները»,- գրում է Deutsche Welle-ն:
Նշելով հայր և որդու՝ պարտքի և 21-ամյա աղջկա հղիության պատճառով իրականացված ինքնասպանության դեպքերը՝ լրատվամիջոցը գրում է, որ «գլխավոր պատճառը սոցիալ-տնտեսական իրավիճակն է երկրում»` Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանի հետ հարցազրույցի հիման վրա:
Պողոսյանն ընդգծում է, որ աշխարհում տարեցտարի ինքնասպանությունների թիվը քիչ թե շատ կայուն է մնում: Սակայն երբ դրանց թվի կտրուկ աճ է նկատվում, ապա դա վկայում է սոցիալական միջավայրում տեղի ունեցած փոփոխությունների մասին: Ըստ գիտնականի՝ երբ տնտեսական ճգնաժամի կամ սոցիալական լարվածության պատճառով թուլանում է մարդու կապը սոցիումի հետ, նրա մոտ կյանքին վերջ տալու ցանկություն է հայտնվում:
Իր կողմից Deutche Welle-ն նշում է, որ զարմանալի չէ՝ Հայաստանի ինքնասպանությունների տնտեսական դրդապատճառների գործոնը. Հայաստանում գործազրկությունը 40 տոկոս է:
«Եվ սա ամենաբարձր ցուցանիշներից է ԱՊՀ-ում: Այլ տվյալներ փաստում են, որ արտագնա աշխատողները ավելի քիչ են սկսել օգնել Հայաստանում բնակվող հարազատներին: Չքավորության սանդղակի մյուս կողմում է հայտնվել երկրի ազգաբնակչության 30 տոկոսը: Երիտասարդների մեծ մասն իր ապագան Հայաստանում չի տեսնում»,- ասված է հոդվածում:
Deutche Welle-ն մեջբերում է նաև հոգեբան-ինքնասպանաբան Կամո Վարդանյանի պնդումը, թե Հայաստանում ինքնասպանությունների թիվը ճգնաժամային չի: Նրա խոսքով՝ սուիցիդն աճ է գրանցել ամբողջ աշխարհում. տարեկան կյանքին մոտ 1 մլն մարդ է վերջ տալիս: Ըստ Վարդանյանի՝ Հայաստանում յուրաքանչյուր 100 000 մարդուն 15 ինքնասպանություն է բաժին ընկնում, իսկ այդ ցուցանիշը չի գերազանցում 100 000 մարդուն 20 դեպք միջին համաշխարհային ցուցանիշը: Եվրոպական մի շարք երկրներում այդ թիվը 40 է կազմում:
Սակայն վիճակագրությունն անողոք է, եզրափակում է Deutche Welle-ն. անցած տարի Հայաստանում ինքնասպանության 650 փորձ է կատարվել: 195 հոգուն փրկել չի հաջողվել: Նրանց մեծ մասը գործազուրկ էր:









