Թող մարդկանց ինքնագիտակցության վրա խաղալով հեղափոխական վիճակ չստեղծեն. «Քինգ դե լյուքսի» տնօրեն

20:21 • 11.07.12

Վաղը ևս Կոտայքի մարզում գրանցված «Քինգ դե լյուքս» ընկերության ավտոբուսների և տաքսի ծառայության 120 վարորդները կշարունակեն գործադուլը, հնարավոր է՝ փակվեն ավտոճանապարհները: Նրանց են միանալու նաև Հրազդան ու Աբովյան քաղաքների ներքին երթուղիները սպասարկող այլ ընկերությունների վարորդներ:


«Անկանխատեսելի պահեր ա, չեմ կարող ասել»,- Tert.am –ին հայտնեց «Քինգ դելյուքս» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը՝ պատասխանելով ճանապարհները փակելու հնարավորության վերաբերյալ հարցին: Վերջինիս խոսքով, այսօր՝ օրվա երկրորդ կեսին, գծից դուրս էր եկել շուրջ 43 ավտոբուս՝ 100 վարորդներով:

 

Դալլաքյանի հավաստմամբ՝ մոտ վեց ամիս է, որ նշված երթուղիների վարորդները բողոքում են, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ վերոնշյալ ուղղություններով անվճար բարեգործական ավտոբուսների առկայությունը ՝«խփում է իրենց գործին»:

 

Հիշեցնենք, որ «Քինգ դելյուքսը» պատկանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանին՝ «Պալաչին», ում հետ վերջին շրջանում Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները վատացել են:

 

Ի պատասխան ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահ Էլինար Վարդանյանի այն հայտարարությանը, թե «վարորդներին ստիպում են գործադուլ անել», ընկերության տնօրենն ասաց. «Ասողը գլուխը պատովն է տվել, թող գա ու, այ էտի վարորդներին ասի, ոչ թե, որ էթում ա, նստում սարի գլխին, հայտարարություն անում»:

 

Արթուր Դալլաքյանն անգամ հայտարարեց, որ ողջ օրվա ընթացքում իր գլուխն է ցավել վարորդների՝ իրենց տանջանքների մասին պատմությունները լսելուց: «Որ իրենց վեց ամսվա մտածածը պատմեցին ու դժգոհեցին: Թող այդ հայտարարությունն անող պատգամավորը գա, վարորդներն իրենց մտածածն իրեն ասեն: ԲՀԿ են, թե ՍՄԿ՝ չգիտե՞ն այդ մասին»:

 

Հիշեցնենք, որ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Tert.am-ին տված հարցազրույցում ասել էր, որ Աբովյան-Երևան բարեգործական երթուղին շահագործվում է 11 տարի և կշարունակվի շահագործվել , քանի դեռ Հայաստանում մարդիկ նման սոցիալական պայմաններում են ապրում և հավելել, որ իրենց համար գերակա է աբովյանցիների շահը:

 

Ըստ նրա՝ երեք ուսանող ունեցող ընտանիքի համար սա օրական կազմում է «երեք անգամ երկու». երեք անգամ 200+200 ամեն մի ուսանողի գնալ-գալու համար:

 

Արթուր Դալլաքյանը հակադարձեց, թե անվճար բարեգործական երթուղին գործում է ոչ թե 11 տարի, այլ վեց ամիս և, հավելեց.« Հո խաբելով չի՞, դուրս ա գալիս, որ ես Աբովյանում չեմ ապրում: Հա, մինչ այդ երկու պազիկ կար, որոնք սպասարկում էին միայն ԲՀԿ ուսանողներին: Էն էլ հետադարձ բերելով: Իսկ էսօր ամեն մի ավտոբուս մոտ տաս երթ է կատարում»:

 

Ընկերության տնօրենը ԲՀԿ-ական պատգամավորներին կոչ արեց կարդալ «Բարեգործության մասին օրենքը» և հավելեց. «Ես, որ օրինական լիցենզիա ունեմ, իրավունք չունեմ շահագործելու, իսկ իրենք մարդկանց ինքնագիտակցության վրա խաղալով, փորձում են հեղափոխական վիճակ ստեղծել: Բարեգործությունը էն չի, որ սրան՝ վատություն, նրան՝ լավություն, էդ ա՞ բարեգործությունը: Որ էդպես մյուսին ցույց տաս քո իմիջը: Լավ, դե թող կոնյակը անվճար, գոնե տասը րոպեով բաժանեն ժողովրդին: Ինչի վարորդը հայ չի՞, մարդ չի՞, իրավունքն չունի՞ իր հացը տանի իր տուն»:

 

Նշենք, որ Tert.am-ին հարցազրույց տված Նաիրա Զոհրաբյանը քիչ առաջ տեղեկացրեց, որ կապվել է «Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի» հետ, որտեղից հայտնել են, որ կան մի քանի տասնյակ տրանսպորտային կազմակերպություններ, որոնք պատրաստակամություն են հայտնել շատ լավ պայմաններով աշխատանքի ընդունել «Քինգ դե լյուքսի» վարորդներին:

 

Նաիրա Զոհրաբյանը հավելեց, թե վստահ է, որ այդ գործադուլի նախաձեռնողներն ու կազմակերպիչները, իհարկե, վարորդները չեն»: