Հայ երիտասարդները հիմնականում ցանկանում են ֆիլմ նկարել Ցեղասպանության մասին. Ժան Մաղի Բաղբ
Հուլիսի 12-ից 14-ը Հայաստանում կանցկացվի «Եվրասիադոկ» նախագիծը և վերջինիս շրջանակներում անցկացվող «Տյոնոկ» կոչվող նիստերը: Այն եռամյա նախագիծ է, որի մեկնարկը տրվել է 2011թ-ին: Նոր նախագծի նպատակն է՝ վերապատրաստում և համագործակցություն վավերագրական ֆիլմերի ոլորտում: Այն նախատեսված է հիմնականում Կովկասի, Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի սկսնակ ռեժիսորների համար:
«Լուսաս» կազմակերպության հիմնադիր տնօրեն, կինոռեժիսոր Ժան Մաղի Բաղբը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ վավերագրական ֆիլմերի համար սցենարներ գրելու նախագիծն իրականացվել է Հայաստանում, Ռուսաստանում և Ղրղըզստանում, սակայն նախագծին մասնակցել են 32 երիտասարդ կինոռեժիսորներ տարբեր երկրներից՝ Հայաստանից, Վրաստանից, Մոնղոլիայից, Ռուսաստանից, Ղազախստանից և այլն:
«Բոլոր ֆիլմերի նախագծերից ընդունվել են միայն 22-ը: Նրանք, որոնք չեն անցել ևս շատ հետաքրքիր էին, բայց դեռ հասունացած չէին: Հայաստանում բոլոր ֆիլմերի սցենարների հեղինակները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց նախագծերը հավաքի եվրոպական և եվրասիական արտադրողներին: Կընտրվեն 12 ֆիլմի սցենարներ «Lumié d՛Eurasie» հավաքածուի համար , Ֆրանսիայի LYON CAPITALE և CINPAS TV հեռուստաալիքների հետ համատեղ արտադրության համար»,- ասաց կինոռեժիսորը:
Ժան Մաղի Բաղբը նշեց, որ ձմռանը Հայաստանում անցկացրած դասընթացների ժամանակ իրենք նկատել են, որ հայ երիտասարդները հիմնականում ցանկանում են ֆիլմ նկարել Հայոց ցեղասպանության կամ ինքնության բացահայտման մասին:
«Մենք փորձում ենք ստեղծագործական այնպիսի չափանիշների մեջ մնալ, որ ստեղծած ֆիլմերը հասկանալի լինեն բոլոր ազգերի ու մշակույթների համար: Մենք որոնում ենք ընդհանուր մոտեցումներ»,- ասաց նա:
Ասուլիսին ներկա ռեժիսոր Ժակ դե Շանը, ով ռեժիսորական դասընթացներ է իրականացրել թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում, նշեց. «Թե՛ դուք, թե՛ վրացիները միշտ ցանկանում եք իրենց ինքնությունը բացահայտել և ցույց տալ դա այլ ազգերին: Բայց միաժամանակ նշեմ, որ սա բոլոր ազգերին էլ բնորոշ է: Կան, իհարկե, այնպիսի ռեժիսորներ, ովքեր ավելի շատ ցանկանում են բարձրացնել տարբեր սոցիալական հարցեր»,-ասաց նա:
«Լուսաս» կազմակերպության հիմնադիր տնօրեն, կինոռեժիսոր Ժան Մաղի Բաղբը հավելեց, որ Հայաստանում անցկացվող նախագծի եռօրյա հանդիպումների ընթացքում ընտրված նախագծերը երկու տարի հետո կյանքի կկոչվեն և կներկայացվեն 2014թ-ի «Ոսկե Ծիրան» նախագծին, որը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից:










