Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցը վրաերթի է ենթարկել 14-ամյա երեխային (լուսանկարներ)

22:20 • 11.07.12

Այսօր` հուլիսի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես Արմավիրի մարզից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` ժամը 19:40-ի սահմաններում Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի բնակիչ` 54-ամյա Գագիկ Սմբատյանը, վարելով «Մերսեդես» մակնիշի 12 ԼՏ 003 համարանիշի ավտոմեքենան, Երևան-էջմիածին ավտոճանապարհի` դեպի Զվարթնոց թաղամաս տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի 3-րդ շենքի բնակիչ 14-ամյա Աշոտ Կարապետյանին:

Վրաերթից հետո վարորդը փախուստի չի դիմել, իր մեքենայով երեխային տեղափոխել է Վաղարշապատի բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնում ֆոտոլրագրողին հայտնել են, որ երեխան ստացել է գլխուղեղի սալջարդ, կրծքավանդակի և որովայնի փակ տրավմա և երեխան իրենց մոտից տեղափոխվել է Երևանի թիվ 3-րդ հիվանդանոց:

 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով Գ.Սմբատյանը աշխատում է Պետական եկամուտների կոմիտեի Էջմիածնի հարկային տեսչությունում, որպես ավագ տեսուչ:

 

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` հետաքննիչ Մհեր Հակոբյանի գլխավորությամբ: 

Վրաերթի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքի քննիչ Հայկ Մանանդյանը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանման տարածք: Փաստի առթիվ քննիչ Հ.Մանանդյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: 

 

լուսանկարները` Գագիկ Շամշյանի