Օռլեանի կույսը ծնկի բերեց հայ հանդիսատեսին.կայացավ «Ժաննան և ձայները» ֆիլմի երևանյան պրեմիերան

00:21 • 12.07.12

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում կայացավ Միքայել Վաթինյանի «Ժաննան և ձայները» ֆիլմի հայաստանյան պրեմիերան: Մատների վրա կարելի է հաշվել այն երիտասարդ կինոգործիչների աշխատանքները, որոնց մասին չափազանց շատ են խոսում և, թվում է,՝ ամեն ինչ ասվել է արդեն: Սակայն հավելումների շարքից կարելի է նշել այն, ինչ ասացին կինոգործիչները աշխատանքի պրեմիերայից առաջ. «Ոսկե ծիրանի» գեղարվեստական տնօրեն, Հայաստանի Կինոլրագրողների և կինոքննադատների ասոցիացիայի նախագահ Սուսաննա Հարությունյանը նկատեց, որ նման առիթները տոն են երիտասարդ կինոգործիչների համար, որոնց իրենք սատարում են: Իսկ ֆիլմի սցենարիստ, պրոդյուսեր և գլխավոր հերոսուհի Արմինե Անդան՝ թե սա զուտ ֆիլմ չի եղել թիմի համար, այլ երազանք, որը իրականացնելու ուղղությամբ աշխատել են 2007-ից:

Անդան հայաստանցի հանդիսատեսի լայն շրջանակներին հայտնի է «Տաքսի Էլի լավ ա»-ից՝ քաղաքում մարմնավաճառ աշխատող գավառային ուսուցչուհու դերով: Այս ֆիլմում, սակայն, հանդիսատեսը նրա բավականին գեղեցիկ ոտքերը այդպես էլ չի տեսնում:

 

Եվ այսպես, շփոթված մանկահասակ անուշիկ դերակատարուհին, համադասարանցիների ռեպլիկների ներքո, կարծես Ժաննա դ’Արկի մասին ներկայացման փորձն է անում…
Մութ սենյակում լուսավոր ուրվագծերով պատկերանում է կիսամերկ տղամարդը. նա գալարվում է, խարխափում և անգամ քար ուտում…
Հայկական բնապատկերի ֆոնին՝ բարձր լեռնային գոտում՝ ինչ-որ կանգառում, գլխավոր հերոսուհին է. քամին խաղում է նրա մազերի և զոլավոր շարֆի ծոպերի հետ…

 

Այդ ընթացքում Մոսկվա կ/թ-ի Կապույտ դահլիճում՝ հանդիսատեսը ասես քամիներով լի մութ սենյակում խարխափելով փորձ է անում, շոշափել այն անտեսանելի թելը, որը կապում է բոլոր այս սյուժետային գծերը, որոնք այս կամ այն կերպ զարգանում են հաջորդիվ:

 

Այդ ընթացքում ականատես ենք լինում մի քանի գեղեցիկ նկարահանված տեսարանների. կարծես մղձավանջից արթնացած Անդայի հերոսուհին շրջում է կիսամութ միջանցքում, հանկարծ հայտնվում է մի աժդահա, որն ավելի մեծ է, քան Անդայի հսկայական ստվերը:

Հերոսուհու երեկոյան ուրվագծի ֆոնին անցնում է գնացքը՝ ներսում վառվող լույսերով: Առհասարակ այս ֆիլմը՝ պատկերաշարի առումով, հիմնականում ուրվագծային է:

Ավետաբեր կանաչով պատված տարածք՝ չարագուշակ կիսաքանդ շինություններով, որտեղ էլի հայտնվում է սևազգեստ Անդան…

Մեկ այլ դրվագ. ցից-ցից հասկերով ու հազիվ նշմարվող սյունով մշուշապատ արտում թռչունների ճռվողյունի ֆոնին ոստոստում է Անդայի հերոսուհու ուրվագիծը (նա, առհասարակ, բոլոր դրվագները կապող հիմնական գործոնն է` մերթընդմերթ հայտնվող կիսաձյունածածկ բլուրների համայնապատկերի և հաճախ լսվող թռչունների ճռվողյունի հետ):

Այս հովվերգությունը կտրում-ընդհատում է հաջորդ տեսարանը՝ դռռացող ագրեգատի խոշոր պլանով և գրեթե անտանելի արդյունաբերական աղմուկով. կոնտրաստի էֆեկտը ծանր է ոչ միայն լսողական օրգանի համար: Բայց եթե սա չափազանց է, ապա մնացած ամեն ինչը մի տեսակ քիչ է. արտհաուսային կինոյի հավակնություն ունեցող նման աշխատանքները առնվազն պետք է ուժեղ կամ գոնե «կոմպենսացնող» էսթետիկ բեռնվածք ունենան:

 

Փոխարենը, ինչպես եզրափակող դրվագներից մեկում, լուսավոր սենյակի լուսամուտի մոտ կանգնած Անդան բացում է պատուհանը, մի քիչ կանգնում դրա առաջ, ապա հեռանում և հանդիսատեսին ասես մենակ թողնում բացվող բնապատկերի տեսարանի հետ դեմ-հանդիման: Իսկ հանդիսատեսը՝ որքան էլ զմայլված, ոչ պակաս շվարած է: Ինչպես ասաց սփյուռքահայ հանդիսատեսներից մեկը՝ «չի գարեցա գաբ գդնիլ»: Ցավոք, նա միակը չէր: Ֆիլմի նեղ տրամաբանությունը կամ ասելիքը ցուցադրվածի հիման վրա կարելի է թերևս այսպես սահմանել. կան ձայներ/աղմուկ և կան լսողներ/չլսողներ, ինչպես Ժաննայի և նրան լսելի ձայների դեպքում:

Ֆիլմի սկզբում բնագրային մեջբերում է արվում Օռլեանի կույսի հարցաքննությունից, որտեղ նրան հարցնում են, թե երբ է վերջին անգամ ձայներ լսել: Ժաննայի պատասխանը՝ երեկ և այսօր: Պետք է կարծել, որ նախևառաջ սյուժետային առումով ֆիլմը միմիայն կշահեր, եթե զարգացվեր, օրինակ, Ժաննա դ’Արկի մասին հայկական ներկայացման դրվագը: Սակայն փոխարենը դրան հակադրվում է մեկ այլ ելույթաշարի տեսարան, որտեղ ԱԼՄ-ի «ադամանդակուռ» ասմունքողների ոգով ինչ-որ թինեյջերներ հնչեցնում են՝ «հայոց վշտի անծայրածիր բանտից դու դուրս չեկար…»-ը, և այլն, և այլն… Կան նաև ազգային նվագարանների ու պարերի հետ կապված ընդգրկուն տեսարաններ, որոնք հուշում են, որ այս աշխատանքը գուցե կարելի է Ժաննա դ’Արկի թեմայով տեղական ադապտացիայի փորձ դիտել:

 

Անկախ ամեն ինչից, Արմինե Անդայի՝ իր նախագիծը, կինոերազանքն իրականացնելու վճռականությունը և ժամկետները (2007-ից՝ 5 տարի, փաստորեն) միայն գովեստի են արժանի: Տպավորիչ է նաև այն, որ ֆիլմը Հայաստանից առաջ պրեմիերաներ է ունեցել մի շարք արտասահմանյան կինոփառատոներում: Ի դեպ, սա միտում է, որին ավելի ու ավելի շատ տեղացի երիտասարդ ռեժիսորներ են տուրք տալիս. ցույց տալ նախ արտասահմանում, ապա՝ հայրենիքում: տեղացի հանդիսատեսը նման դեպքերում դահլիճ լցնում է: «Ժաննայի և ձայների» դեպքում նույնիսկ տեղի կռիվներ էին լինում, շատ մարդիկ ոտքի վրա էին, բայց մինչև ֆիլմի ավարտը, Օռլեանի կույսի երևանյան հայտնությունը հասցրել էր ծնկի բերել/«կքանստացնել» բոլոր նրանց, ովքեր հոտընկայս էին: