Խաչատուր Քոքոբելյանը ժամը 14.30-ի դրությամբ ստորագրել է ԱԺ արտահերթ նիստ պահանջող ձևաթղթի տակ

17:51 • 13.07.12

«ժառանգություն» խմբակցության անդամ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն այսօր ժամը 14.30-ի դրությամբ ստորագրել է ձևաթղթի տակ, որով պահանջվում է ԱԺ արտահերթ նիստ հրավիրել «Հարսնաքարի» դեպքերի քննության վերաբերյալ, այս մասին Tert.am–ին հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամուլի քարտուղար Անժելա Խաչատրյանը:


Ի պատասխան այն հարցի, թե արդյո՞ք Խաչատուր Քոքոբելյանը ուշ է տեղեկացվել և Երևանո՞ւմ է եղել, Անժելա Խաչատրյանն ասաց, որ ուշ տեղեկանալու խնդիր չկա, քանի որ համաձայն օրակարգի`ստորագրությունը կարող էր դրվել մինչև 18.00:


«Պարոն Քոքոբելյանն ունեցել է ուրիշ գործեր, 14.30-ին ներկայացել է և ստորագրել: Այնպես որ, իր ստորագրությունն արդեն կա:

 

Ինքը տեղյակ է եղել բոլոր քննարկումներին, բոլոր քննարկումներին մասնակցել է»,- ասաց Անժելա Խաչատրյանը:


Նշենք, որ ավելի վաղ Ալեքսանդր Արզումանյանը և Զարուհի Փոստանջյանը հայտարարել էին, որ «Ժառանգության» բոլոր պատգամավորները ստորագրել են ձևաթղթի տակ:


Ի պատասխան հարցի, թե ինչո՞ւ էր այդ մասին ավելի շուտ հաղորդվում, կուսակցության մամուլի քարտուղարը հիշեցրեց, որ «Ժառանգությունը» բաղկացած է հինգ հոգուց և նրանք բոլորն էլ կողմ են միանալու ստորագրահավաքին: «Եվ միանալ», ըստ Անժելա Խաչատրյանի, նաև այդ իմաստով է նշանակում: