ՀՀ փոխվարչապետն ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության նորանշանակ դեսպանին
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Գի Տրուվըրուային:
Ըստ ՏԿՆ մամուլի ծառայության հաղորդագրության՝ փոխվարչապետը շնորհավորել է դիվանագետին` առաքելության ստանձման կապակցությամբ` վստահություն հայտնելով, որ նա իր հետագա գործունեությամբ կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
Անդրադարձ է եղել հայ-բելգիական փոխգործակցության ներկա մակարդակին եւ հեռանկարներին: Փոխվարչապետը գոհունակություն հայտնել է, որ վերջին տարիներին ընդլայնվում է գործակցության շրջանակը, եւ բացի ավանդական ադամանդագործության ոլորտից, ընդգրկում է այլ բնագավառներ. ակտիվ են նաեւ հայ-բելգիական գործարար շփումները:
Նա նաեւ շնորհակալություն է հայտնեց Երեւանում հիմնվող ուռուցքաբանական հիվանդությունների բուժման գերժամանակակից կենտրոնին բելգիական կողմից ցուցաբերվող աջակցության համար:
Երկուստեք հեռանկարային է համարվել գործակցությունը բժշկական սարքավորումների, դեղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:
Դեսպանը տեղեկացրել է, որ բարձր տեխնոլոգիաների բնագավառում գործող բելգիական ընկերությունները հետաքրքրված են հայաստանյան շուկայով եւ խոստացել ջանքեր գործադրել համագործակցության զարգացման ուղղությամբ:









