«Հարսնաքարի» գործով հանձնաժողով ստեղծելու ստորագրահավաքին մասնակցեց 21 պատգամավոր
Ավարտվեց «Հարսնաքար»-ի գործով արտահերթ նստաշրջան հրավիրելու մասին ձևաթղթի ստորագրումը ԱԺ չորս խմբակցությունների՝ «Բարգավաճ Հայաստան»-ի, «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայ ազգային կոնգրես»-ի և «Ժառանգության» կողմից:
Ընդհանուր առմամբ, ձևաթղթի տակ ստորագրել է 21 պատգամավոր: Ձևաթուղթն ստորագրել են «Հայ ազգային կոնգրես»-ի և «Ժառանգության» բոլոր պատգամավորները, իսկ ՀՅԴ-ից ստորագրել են երեքը՝ Արմեն Ռուստամյանը, Վահան Հովհաննիսյանը և Արծվիկ Մինասյանը:
Պատգամավոր Արծվիկ Մինասյանը Tert.am-ին տեղեկացրեց, որ ՀՅԴ մյուս երկու պատգամավորները՝ Աղվան Վարդանյանն ու Արմեն Բաբայանն այս պահին Հայաստանում չեն գտնվում:
Իսկ ԲՀԿ-ից ստորագրահավաքին միացել են միայն 7-ը, նրանք են` Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը, Տիգրան Ուրիխանյանը, Սամվել Մարգարյանը, Էլինար Վարդանյանը, Վահան Բաբայանը և Վահե Հովհաննիսյանը։
Tert.am-ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ինքն ի սկզբանե ասել էր, որ ԲՀԿ պատգամավորների զգալի մասը հանրապետությունում չէ:
«Երկրորդ՝ մենք խմբակցության նիստ չենք գումարել և այս հարցը չենք քննարկել: Այն պատգամավորները, ովքեր եղել են հանրապետությունում և ովքեր նպատակահարմար են գտել միանալ նախաձեռնությանը՝ միացել են»,- ասաց նա:
Հարցին, թե սեպտեմբերին, եթե կրկին նման նախաձեռնություն իրականցվի և ստորագրահավաք անցկացվի, արդյո՞ք, ԲՀԿ պատգամավորները կմասնակցեն, նա պատասխանեց. «Եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քննարկի ու նպատակահարմար գտնի՝ կստորագրի, իսկ եթե նպատակահարմար չգիտնի՝ չի ստորագրի»,- ասաց տիկին Զոհրաբյանը:
Նշենք նաև, որ Tert.am-ի թղթակիցը, ժամը 18:00-ի դրությամբ, խոսել է ԱԺ քարտուղարության պետ-աշխատակազմի ղեկավարի տեղակալ Թաթուլ Սողոմոնյանի հետ և պարզել, որ նրանք ձևաթուղթը չեն ստացել:









