Չեխիան վաճառքի է նախապատրաստել 134 միավոր Տ-72 տանկեր
Չեխիայի պաշտպանության նախարարությունը մտադիր է վաճառքի հանել երկրի ցամաքային զորքերի պահուստի 134 միավոր Տ-72 հիմնական տանկերը, հաղորդում է Jane's-ը:
Տանկերի գինը ռազմական գերատեսչությունը դեռ չի հրապարակել: Ներկայում Չեխիայի ՊՆ-ն ավարտում է վաճառքի համար անհրաժեշտ փաստաթղթաբանությունը:
Երկրի ՊՆ-ն օտարերկրյա գնորդներին ինքնուրույն վաճառք իրականացնելու իրավունք չունի, տեղի օրենքների համաձայն, այն կարող է ավելորդ տանկերը վաճառել համապատասխան ակրեդիտացիա ունեցող չեխական մասնավոր ընկերություններին, որոնք երկու տարվա ընթացքում կամ պետք է վերավաճառեն տեխնիկան, կամ դրանք ոչնչացնեն:
«Չեխական ընկերությունները հիմնականում տանկերն արտահանում են: Վաճառքից հետո տանկերը արդիականացվում են և առաքվում գնորդ երկրին: Որքանով մեզ հայտնի է, մեր տանկերը Ալժիր կուղևորվեն»,- Jane's-ին ասել է չեխական պաշտպանական գերատեսչության աղբյուրը:
Վաճառքից հետո, Չեխիայի բանակի սպառազինության տակ կմնան միայն արդիականացված 30 միավոր Т-72М4-CZ տանկերը:









