Հայաստանը բարձր է գնահատում Բելգիայի կողմից Ցեղասպանության պաշտոնապես ճանաչումը. ՀՀ նախագահ

15:23 • 13.07.12

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գի Տրուվըրուան (նստավայրը՝ Մոսկվա):


ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:         


Սերժ Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ հայ-բելգիական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և Հայաստանը շահագրգռված է այդ հարաբերությունները ԵՄ հիմնադիր անդամ Բելգիայի հետ առավել զարգացնելու գործում:


Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Բելգիայի իշխանություններին և ժողովրդին՝ անկախացումից ի վեր անցած 20 տարիներին մեր երկրին ցուցաբերած աջակցության, նաև բելգիահայ համայնքի նկատմամբ մշտապես բարյացակամ վերաբերմունքի համար:


Սերժ Սարգսյանը երախտագիտությամբ է խոսել անցյալ դարասկզբին ցեղասպանությունից փրկված մեր հայրենակիցներին, ում սերունդներն այսօր կազմում են բելգիահայ համայնքի կորիզը, ապաստան տալու և ապրելու ու արարելու պայմաններ ստեղծելու մասին:

 


Նախագահն ընդգծել է նաև, որ Հայաստանը և հայ ժողովուրդը բարձր են գնահատում Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչումը:

 

Դեսպան Գի Տրուվըրուան երկկողմ կապերի ամրապնդման գործում մեծապես կարևորել է Բելգիայի հայ համայնքի դերը՝ ընդգծելով, որ իր երկրում նաև այդ համայնքի շնորհիվ մեծ հարգանքով և համակրանքով են վերաբերվում հայ ժողովրդին և նրա հարուստ պատմությանն ու մշակույթին:

 


Հանդիպմանը երկուստեք կարևորվել է միջազգային կազմակերպությունների, ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում ևս հայ-բելգիական համագործակցության զարգացումը: