«Ժառանգության» մի մասն է ստորագրել «Հարսնաքարի» գործով հանձնաժողով ստեղծելու ձևաթուղթը

15:34 • 13.07.12

Մինչ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Ալեքսանդր Արզումանյանը կայքերին հաղորդում են, որ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության բոլոր 7, «Ժառանգության»՝ բոլոր 5 անդամները տվել են իրենց ստորագրությունը՝ «Հարսնաքարի» գործով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար, ԱԺ քարտուղարությունից վերցված ձևաթղթից (ժամը 14.30-ի դրությամբ) բացակայում է «Ժառանգության» համամասնական ցուցակի առաջին և երկրորդ համարների՝ Րաֆֆի Հովհաննիսյանի և Խաչատուր Քոքոբելյանի ստորագրությունները:


Tert.am-ի այս տեղեկությանն ի պատասխան Զարուհի Փոստանջյանի հեռախոսից պատասխանած անձը, ով ներկայացավ նրա օգնական (ասվեց, որ Զարուհի Փոստանջյանը մասնակցում էր խմբակցության նիստին – Tert.am ) հաստատելով տեղեկությունը, պատասխանեց, թե Րաֆֆի Հովհաննիսյանի չստորագրելը պայմանավորված է նրա՝ պատգամավորական մանդատը չվերցնելու հանգամանքով, իսկ Քոքոբելյանի ստորագրություն բացակայում է, քանի որ նա Երևանում չէ:


Մինչդեռ ավելի վաղ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը լրագրողներին հայտարարել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ստորագրության բացակայությունը պայմանավորված է տեխնիկական խնդրով, այսինքն՝ նա քաղաքում չէ:


Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի անունը ԱԺ պաշտոնական կայքում ընդգրկված է «Ժառանգության» խմբակցության կազմում, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ նրա Ընտրությունների համամասնական արդյունքների ամփոփիչ արձանագրության մեջ նշված է:


Հիշեցենք, որ այս պահին «Պատասխան եք տալու այս մահի համար» «Հետախուզվում է մարդասպան» և այլ ցուցապաստառներով բողոքի ակցիա է ընթանում ԱԺ Բաղրամյան մուտքի մոտ: