ԼՂ կոնֆլիկտի մասին Վալենտինա Մատվիենկոն որևէ հայտարարություն չի արել. հերքում`ԱԺ-ից
ՀՀ Ազգային ժողովի նախագահի հրավերով հուլիսի 11-ին պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ԼՂ հակամարտության առնչությամբ որևէ հայտարարությամբ հանդես չի եկել: Ուստի, «ԱԺ-ն հայտարարում է, որ «Հրապարակ» օրաթերթի հուլիսի 13-ի համարում տպագրված Վալենտինա Մատվիենկոյին՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ վերագրված արտահայտություններն ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը:
Այս մասին Tert.am-ին հայտնում են ԱԺ հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ օրաթերթը գրել էր, թե Վալենտինա Մատվիենկոն «Հին էրիվան» ռեստորանում իր պատվին տրված ճաշի ժամանակ, Ղարաբաղին առնչվող բավականին հետաքրքիր մեսիջ է հղել՝ ասելով. «Բոլորն էլ աշխարհում հասկանում են, որ Ղարաբաղն այլևս չի կարող վերադառնալ Ադրբեջանի կազմ, սակայն այսօր Ադրբեջանում չկան այնպիսի գործիչներ, որոնք այդ մասին կարող են հայտարարել»:
«Ո՛չ պաշտոնական հանդիպումների, ոչ էլ առավել ևս ճաշի ժամանակ՝ նման քննարկումներ չեն եղել: Ցավոք, շատ հաճախ ԶԼՄ-ներում տեղ են գտնում հրապարակումներ, որոնք միշտ չէ, որ համապատասխանում են իրականությանը»,- նշված է ԱԺ պաշտոնական հայտարարության մեջ:
Ի դեպ, ՌԴ Դաշնային խորհրդի մամուլի ծառայությունից ՀՀ Ազգային ժողովին ուղարկվել է պարզաբանում այն մասին, որ Վալենտինա Մատվիենկոյին վերագրվող խոսքերն իրականությանը չեն համապաստանում:
Պարզաբանման տեքստում ճշգրտվում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման մասին ՌԴ դիրքորոշումը հնչեցվել է խոսնակի կողմից 2012 թվականի հուլիսի 11-ին՝ ՌԴ Դաշնային խորհրդի պատվիրակության պաշտոնական այցի շրջանակներում՝ ՀՀ ղեկավարության և լրագրողների հետ հանդիպման ընթացքում: Այն է՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ՌԴ-ն հիմք է ընդունում այն դիրքորոշումը, որ դրան կարելի է հասնել միմիայն խաղաղ բանակցային գործընթացի միջոցով, որին մասնակից կողմերը պետք է առաջնորդվեն միջազգային իրավունքի նորմերով և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան որոշումներով: Հակամարտության վերջնական լուծումը պետք է ներառի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի շահերը և հիմնվի այնպիսի հայտնի սկզբունքների վրա, ինչպիսիք են՝ ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականության հարգումը և ազգերի ինքնորոշման իրավունքը»:
Այդ իսկ պատճառով, Ռուսաստանը կարևոր է համարում, որ կողմերը հետևողականորեն մոտեցնեն իրենց դիրքորոշումները՝ հաղթահարելով կուտակված վստահության դեֆիցիտը:
Տարածված մեկնաբանության մեջ նշվում է, որ սրան են միտված Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերը, ինչպես նաև եռակողմ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների ուղիղ բանակցությունները:
«Սրա հետ մեկտեղ պետք է հաշվի առնել, որ միջնորդական ջանքերը, թեպետ կարևոր տարր են հակամարտության կարգավորման առումով, սակայն ընդամենը երկխոսության կարգավորման միջոց են: Խաղաղ համաձայնագրի կնքման պատասխանատվությունն ընկած է Հայաստանի և Ադրբեջանի վրա, ինչի մասին ընդգծված է ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի առաջնորդների՝ Լոս Կաբոսում G20-ի գագաթաժողովին ընդունված հայտարարության մեջ»,- նշվում է ՌԴ Դաշնային խորհրդի մամուլի ծառայության պարզաբանման մեջ:









