«Հարսնաքարի» դեպքերի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները քաղաքացիական իմաստ ունեն. Նիկոլ Փաշինյան
«Հարսնաքարի» հարցով ԱԺ արտահերթ նստաշրջան գումարելու մասին նախաձեռնությանը միանալ-չմիանալը պետք է որոշի յուրաքանչյուր ոք: Սրանում իր համոզմունքը հայտնեց «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ այսօր Ազգային ժողովի շենքի առջև կազմակերպված ակցիայի ընթացքում:
«Այնպես չէ, որ ես այս հարցը դիտում եմ կուսակցությունների կամ խմբակցությունների մակարդակով: Կարծում եմ, որ «Հարսնաքարի» դեպքերի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները քաղաքացիական իմաստ ունեն և տեղի ունեցող ստորագրահավաքի մեջ ես ավելի շատ տեսնում եմ քաղաքացիական երանգ»,- ասաց ՀԱԿ պատգամավորը:
Նիկոլ Փաշինյանը, շարունակելով իր միտքը, նշեց, որ այդ առումով, նույնիսկ Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավորներից յուրաքանչյուրն անհատական որոշում պետք է կայացնի՝ մասնակցե՞լ ստորագրահավաքին, թե՝ ոչ:
«Ես կարևորում եմ խնդրի ավելի շատ քաղաքացիական, քան քաղաքական կողմը»,- ասաց նա:
Հարցին, եթե այսօր 44 պատգամավոր իր ստորագրությունը չտա ԱԺ արտահերթ նստաշրջան գումարելու համար, ո՞րն է լինելու նախաձեռնության կազմակերպիչների հաջորդ քայլը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ «ԱԺ կանոնակարգ օրենքը» որևէ հարցով չի սահմանափակում, որ մի անգամ կարելի է ստորագրահավաք կազմակերպել ու վերջ:
«Անկախ արդյունքներից, նման ստորագրահավաքը ցույց է տալիս, որ «Հարսնաքարի» դեպքերը գտնվում են հասարակության ու խորհրդարանի ուշադրության կենտրոնում: Այդ արձանագրումն արդեն ինքնին շատ կարևոր է: Եթե այսօր 44 ստորագրություն չհավաքվի, որևէ խոչընդոտ չկա, որ, օրինակ, երկու շաբաթ հետո այդ ստորագրությունները կահավաքվեն»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս ամենը պետք է հստակ ուղերձ լինի իրավապահ մարմիններին, որ նրանք ամբողջապես ու համակողմանիորեն քննեն քրեական գործը և հանրությունն ստանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները:









