Փոխվարչապետն անխուսափելի է համարել բարեփոխումների իրականացումը

15:05 • 13.07.12

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարական հաստատությունների և կառավարման տնօրինության ղեկավար Ալֆոնսո Զարդիին:

 

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ քննարկվել են Հայաստան-Եվրախորհուրդ համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ է եղել տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման ոլորտում գործակցությանը:

 

Փոխվարչապետը նշել է, որ առկա է փոխգործակցության լուրջ օրակարգ և վստահություն հայտնել, որ «Եվրոպայի խորհուրդ-Հայաստան. 2012-2014թթ. գործողությունների ծրագրի» իրականացումը կնպաստի երկրում ժողովրդավարության ամրապնդմանը:

 

«Կառավարության համար տեղական ժողովրդավարության զարգացման խնդիրները գերակայություն են: Մի քանի ուղղությամբ փոփոխություններ են նախաձեռնվել, որոնք կարող են արդեն կիրառվել առաջիկա տարիների ընթացքում»,-ասել է Ա. Գևորգյանը:


Անդրադառնալով այդ ուղղություններին` նա նշել է համայնքների խոշորացման խնդիրը, համայնքների կարողությունների հզորացումը, որի նպատակով արդեն բավականաչափ աշխատանք է իրականացվել և ԱԺ են ներկայացվել մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:


Որպես հաջորդ խոշոր ուղղություն նա առանձնացրել է տեղական ժողովրդավարության հիմքերի ամրապնդումը` հատկապես, ավագանու ինստիտուտի կայացման և մասնակցության լայն հնարավորությունների ապահովման միջոցով: Այս համատեքստում մշակվել է օրինագիծ, որը կոչված է ապահովելու Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի լրացուցիչ` Ուտրեխտի արձանագրության կիրառությունը:

 

Ա. Գևորգյանը նշել է, որ ուշադրության կենտրոնում են նաև տարածքային մակարդակով ժողովրդավարության նոր հնարավորությունների և մեխանիզմների ներդրման հարցերը: Կառավարության վերջին տարիների գերակայություններից է տարածքների համաչափ զարգացման հիմնախնդիրը, որի լուծման ուղղությամբ ևս մեծ անելիքներ կան:

 

Տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման համար փոխվարչապետն անխուսափելի է համարել բարեփոխումների իրականացումը և շնորհակալություն հայտնել եվրոպացի գործընկերներին աջակցության համար:
Ալֆոնսո Զարդին գոհունակություն է հայտնել, որ տեղական բարեխումները գտնվում են թե՛ կառավարության, թե՛ Ազգային ժողովի առաջնահերթությունների շարքում: Նա նշել է, որ ԵԽ-ն համակարծիք է բարեփոխումների ուղղությունների հետ և կիսում է այդ հարցում Հայաստանի իշխանությունների մոտեցումները: «Եվրոպայի խորհուրդ-Հայաստան. 2012-2014թթ. գործողությունների ծրագիրը ներառում է նաև ՏԻ վերաբերյալ բաժին, և մենք պատրաստակամ ենք օժանդակելու այդ բարեփոխումներին»,-վստահեցրել է նա:


Կողմերը քննարկել են նաև Գործողությունների ծրագրի իրագործմանն ուղղված համատեղ աշխատանքներին առնչվող հարցեր: Արձանագրվել, որ առաջիկա շաբաթների ընթացքում կհստակեցվեն այն կոնկրետ քայլերը, որոնք պետք է ապահովեն ծրագրի կատարումը: