Երանի նման հայտարարություն աներ ՀՀ-ն. հայաստանաբնակ սիրիահայը՝ Ջավախք տեղափոխվելու առաջարկի մասին

14:46 • 13.07.12

Հալեպում դեռ մնացած ոչ մի սիրիահայ Վրաստանում չի ապրի, որովհետև, նախ, «շատերը Վրաստանի տեղը չգիտեն քարտեզի վրա», երկրորդ, լեզու չգիտեն և հեռու է նրանց մենթալիտետից, Tert.am–ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Սիրայից՝ մոտ երկու տարի առաջ Հայաստան արտագաղթած Րաֆֆի Թաշչյանը։

 

Հայաստանում զբաղվելով բիզնեսով՝ նա բավարար չափով անհաջողությունների է հանդիպել, այսինքն՝ բավարար չափով ծանոթ է հայաստանյան կյանքի ու բիզնեսի դժվարություններին:

 

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ջավախքյան սփյուռքը մտահոգված է սիրիահայության ճակատագրով և այսօր տարածած հայտարարությամբ դիմել է վրացական իշխանություններին ու վրաց ժողովրդին խնդրանքով՝ պարտադրված արտագաղթի դեպքում չխոչընդոտել սիրիահայերի ժամանմանը Սամցխե-Ջավախք և նրանց ժամանակավոր բնակեցմանը երկրամասի տարածքում:


Զուգահեռաբար, ՀՀ իշխանություններին կոչ է արվում` պատրաստ լինել հնարավոր օգնություն ցուցաբերելու սիրիահայերին` Սամցխե-Ջավախք տեղափոխելու հարցում:

 

«Երանի այս մասին հայտարարեր Հայաստանը, թեկուզ Վրաստանի իշխանությունները հայտարարեն էլ, որ պատրաստ են օգնել հալեպահայերին, բայց հալեպցիք չեն գնում Վրաստան, այլ գալիս են Հայաստան: Թեկուզ ՀՀ իշխանություննների կողմից դեռ ոչ մի քայլ չենք տեսել»,-ասաց Րաֆֆի Թաշչյանը:

 

«Չի՜ ընդունվում»,- արձագանքեց հալեպահայն ի պատասխան այն հարցադրման, թե, արդյո՞ք, այս իմաստով ավելի նախընտրելի չէ Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելու տարբերակը:


«96 թվից սկսյալ շատերը գնացին, իմ ընկերներից կան, որ հող ստացան, աշխատեցին, բայց չեն կարողանում ապրել, հլը որ Երևանում էլ չեն կարողանում ապրել, ո՞նց գնան Ղարաբաղ: Դժվար է, հողագործությամբ պետք է զբաղվեն, իսկ համայնքի 95 տոկոսն արհեստավոր մարդիկ են ու չգիտեն այնտեղի կլիման, բնությունը, դժվար է»,-ասաց նա:


Այսուհանդերձ, ըստ մեր տեղեկությունների, միայն Կովսականում (նախկինում Զանգելան), վերաբնակեցման ծրագրով, վեց սիրիահայ ընտանիք է բնակվում:


Րաֆֆի Թաշչյանը հստակ տվյալներ չունի, թե այսօր Հայաստանում որքա՞ն սիրիահայ է մշտական բնակություն հաստատել, կարծում է, որ «չի անցնում 1000-ը», սակայն ասաց, թե այսօր Հալեպում՝ 7 միլիոն բնակչության առկայության դեպքում, 60.000 հայ է մնացել (իրականում 30.000 է – Tert.am), այն պարագայում, երբ 1979 թվականին մեկ միլիոն բնակչություն ունեցող Հալեպում կար 225.000 հայ  կամ բնակչության 25 տոկոսը:


Իբրև ամփոփում, Րաֆֆի Թաշչյանը նկատեց, թե լավագույն տարբերակ է համարում այն, որ սիրիահայերը գան և Հայաստանում բնակվեն:

 

«Էն օրը, ընկերս զանգում է, խնդրում՝«տուն վարձիր», ասում եմ՝ «Կարո ջան, խի՞ էս գալիս», ասաց՝ «ուզում էինք Քեսաբ գնալ օդափոխության, չենք կարողանում, գալիս ենք Հայաստան»: Հարցնում եմ՝ ինչու՞ չես գալիս Հայաստան: Ի՞նչ են անում էնտեղ (Հալեպում-Tert.am), էսօր լսե՞լ եք՝ 225 հոգի մորթել են… Երեկ չէ առաջին օրը ընկերոջս` Հարութ անունով տղա է, քայլում էր, հեռախոսով խոսում էր, կանգնեցրել են, մեկ ու կես ժամ ծեծել են, ինչ ունի չունի, վերցրել են: Էդ պայմաններում ապրել կլինի՞»,– հարցրեց նա:

 

Անձամբ Րաֆֆի  Թաշչյանը մասնակցել է ՀՀ ԱԳՆ հյուպատոսական բաժնի կողմից կազմակերպված մի սեմինարի, որի նպատակն է՝ «էմիգրացիայի քաջալերանքը» դեպի Քաթար, Ռուսաստան, Շվեդիա, ինչը սփյուռքահայը, սխալ է համարում.«Եթե տենց ձեռնարկներ կան, մենք ո՞նց մարդոց ասենք, «եկե՛ք, հայրենադարձե՛ք, երբ ստեղ ասում են, «գնացեք դո՛ւրս»:


Թեպետ Թաշչյանը նշեց, որ հիմա սիրիահայերի կողմից Ֆրանսիա տեղափոխվելու նոր միտում է նկատվում՝ «Նայում են, շենգեն վիզա կա, միանգամից տալիս են «political asylum» (քաղաքական ապաստան - Tert.am): Ես, օրինակ, մի հայի բերել էի Հայաստան, գնաց, միանգամից տվեցին: Ամեն ինչ էլ տալիս են, գործ էլ, ասում են՝ «հա՞յ ես, Սիրայի՞ց ես եկել, մտի՛ր դեսպանատուն, ասենք՝ խոհարար ես, քեզ գործ կտան»: