Լոնդոնում ցուցադրվել է աշխարհի ամենամեծ` 2 մետրանոց ատլասը (ֆոտոշարք)

14:03 • 14.07.12

Լոնդոնի British library գրադարանում ցուցադրվել է աշխարհի ամենամեծ` 152 կգ կշռող ատլասը, որն ունի 1.8 մ բարձրություն և 1.4 մ լայնություն, գրում է One News Page-ը:

 

Հսկայական գիրքն արժե 64 հազար ֆունտ սթեռլինգ և արդեն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Earth Platinum կոչվող ատլասը թողարկվել է ավստրալական Millennium House հրատարկչության կողմից սահմանափակ քանակով` ընդամենը 31 նմուշ:

 

Այն բաղկացած է 61 էջից և դրա ստեղծման վրա աշխատել են բազմաթիվ լուսանկարիչներ, քարտեզագիրներ, աշխարհագրագետներ, օվկիանոսագետներ, այլ հետազոտողներ, ինչպես նաև ձևավորողներ:

 

«Մեր ժամանակներում անչափ կարևոր է նման ամբողջական, ընդգրկուն ատլաս ունենալը, ինչը հնարավորություն է տալիս տեսնել նույնիսկ ամենափոքր գետերն ու քաղաքները, որոնք հիմնականում չեն երևում սովորական ատլասներում»,- նշել է հրատարակչության տնօրեն Գորդոն Չերսը: