Մեղուների հսկայական պարսը հարձակվել է Ստոկհոլմի վրա (լուսանկարներ)
5000 մեղուներից բաղկացած հսկայական պարսը մի քանի ժամ շարունակ «պաշարել է» Շվեդիայի մայրաքաղաքի կենտրոնի գրասենյակային տարածքները՝ խուճապ առաջացնելով անցորդների և աշխատակիցների շրջանում, հայտնում է Local լրատվականը:
Պարսը նկատել են դեռևս նախօրեին երեկոյան: Այդ ժամանակ մեղուներն ուղղակի անցել են փողոցներով և սկսել հաստատվել մի գրասենյակային շինության տարածքում, որտեղ գտնվում է H&M-ը:
Մեղուները փորձել են նաև գրասենյակներ ներխուժել. պաշարումը և գրոհը տևել է մոտ 3 ժամ: Մարդկանց փրկել են մեղվագործները, որոնք ծխի միջոցով քնեցրել են մեղուներին և տեղափոխել անվտանգ վայր:
Ստոկհոլմի իշխանությունները չեն կարողացել բացատրել մեղուների այս հայտնությունը: Գիտնականները ենթադրում են, որ նրանք պարզապես նոր բնակավայր են փնտրել: Մեղուների մոտ այդպես լինում է, երբ փեթակում նոր մայր մեղու է հայտնվում: Այդ դեպքում նախկին մայրը հեռանում է՝ իր հետ տանելով պարսի մի մասը:









