Մի՛ սպանեք բժշկին. Հայաստանի դեղ արտադրողների ու ներմուծողների միություն

12:25 • 14.07.12

Մարդկությունը դարեր շարունակ խոր ակնածանք է տածել բժշկության ու բժիշկների նկատմամբ, մինչդեռ մեր հասարակության շրջանում կատարվող վերջին զարգացումներն այլ բան են հավաստում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը:

 

«Անցյալ տարի Գյումրիում 28-ամյա երիտասարդը ծեծի ենթարկեց շտապօգնության 65-ամյա բժշկին, ով եկել էր փրկելու նրա հորը: Այս տարվա ապրիլին ծեծի էր ենթարկվել ու լուրջ վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց Արմավիրի մարզի գլխավոր բժիշկ-վիրաբույժ Սամվել Ֆրակյանը: Սահմռկեցուցիչ էր «Հարսնաքար» ռեստորանում հունիսին տեղի ունեցած «Մի կաթիլ մեղրի» մոտիվներով վիճաբանությունը: Մի դեպք էլ մի քանի օր առաջ գրանցվել էր Նոր Նորքի 4-րդ զանգվածում»,- ասաց Սամվել Զաքարյանը:


Առկա երևույթով մտահոգ՝ Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միությունն այսօր տարածեց հայտարարություն՝ «Մի՛ սպանեք բժշկին» խորագրով:


Հայտարարության մեջ նշված է՝ Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միությունը դատապարտում է հասարակության առանձին անհատների անհանդուրժողականության հետևանքով ի հայտ եկած անմարդկային վերաբերմունքը հայ բժիշկների նկատմամբ:

 

Սամվել Զաքարյանը դատապարտեց նման վայրագ վերաբերմունքը ցանկացած մարդու նկատմամբ, սակայն, միաժամանակ նկատեց, որ դա կրկնակի անընդունելի է մարդկային կյանքեր փրկողների՝ բժիշկների նկատմամբ:

 

«Պատերազմի ժամանակ բժիշկները խրամատներով անցնում էին, որ գնան զինվորներին փրկելու: Բժիշկը փրկողի կերպար է: Բժիշկը պաշտպանված չէ, քանի որ գնում է ցանկացածի տուն՝ մարդուն փրկելու և չգիտի, թե այնտեղ իրեն ի՞նչ է սպասվում»,- ասաց նա:

 

Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միությունն աշխատում է շտապօգնության բժիշկների հետ՝ այս ոլորտում աշխատող բժիշկների ասոցիացիա ստեղծելու նպատակով:

 

«Մենք ուզում ենք, որ նրանք բարձրացնեն իրենց իրավունքների պաշտպանության հարցը: Ասոցիացինաները լծակներ չունեցող կազմակերպություններ են, բայց իրենք կարող են իշխանության առջև դնել պահանջներ, ներկայացնել իրենց առաջարկները»,- եզրափակեց Սամվել Զաքարյանը: