ԱՄՆ-ում վաճառքի են հանվել լեգենդար Բոնի և Կլայդ գանգստերների ատրճանակները (լուսանկարներ)

00:34 • 14.07.12

Կոլտ մակնիշի ատրճանակը, որը պատկանել է ԱՄՆ Մեծ դեպրեսիայի շրջանի կուլտային գանգստերական զույգին` Բոնի Պարկերին և Կլայդ Բերոուին, RR Auction աճուրդների տանը վաճառքի է հանվել, հաղորդում է վաճառքների կազմակերպչի պաշտոնական կայքը:


Երկու ատրճանակներն էլ առգրավվել են ռենջերների կողմից դարանակալման վայրում, որտեղ սպանվել է զույգը 1934թ. մայիսին` ԱՄՆ Լուիզիանա նահանգում: Կարճափող 38-րդ տրամաչափի Կոլտը հայտնաբերվել է Բոնիի մարմնի վրայի գաղտնարանում:


«Իմ հայրը առգրավել է զենքը մահացած Բոննի Պարկերի մոտից: Այն ամրացված էր աղջկա ազդրի ներքին մասին: Հայրս ասաց, որ նման գաղտնարանում զենքի գտնվելը պայմանավորված էր նրանով, որ այն ժամանակվա ոստիկանները լինելով ջենտլմեն իրենց թույլ չէին տա կնոջը խուզարկելիս նման տեղում նույնպես զննել», - աճուրդների տունը ներկայացնում է տեխասյան ռենջեր Ֆրենկ Հեմմեր կրտսերի խոսքերը, ով գանգստերների դարանակալումը կազմակերպած հայտնի ռենջեր Ֆրենկ Հեմմերի որդին է:


Հեմմեր ավագը խոստովանել է, որ զղջում է «աղջնակի» սպանության համար: «Աղջնակ» էր նա անվանում 24-ամյա Պարկերին, ով 150 սմ հասակ և 40 կգ քաշ ուներ, սակայն նման դաժանությունը բացատրվում է նրանով, որ նրանց կենդանի որսալն անհնար էր: «Կամ մենք նրանց` կամ նրանք մեզ: Մենք ընտրություն չունեինք»,- ասում էր Հեմմերը:


Երկու կոլտերն էլ կվաճառվեն սեպտեմբերի 30-ին: Աճուրդի կազմակերպիչները ակընկալում են, որ յուրաքանչյուր ատրճանակ կվաճառվի 100-200 հազար ԱՄՆ դոլարով:

Բացի կոլտերից վաճառքի է հանվել նաև Կլայդի գրպանի ժամացույցը և Բոնիի դիմահարդարման տուփը: