Սյունիքի մարզպետի առաջարկը Ռաֆայել Քոթանջյանին. ինչքա՞ն պետք է տամ, որ նկարվի էն, ինչ Դուք եք ուզում
Հայաստանի ժողովրդական դերասան Ռաֆայել Քոթանջյանը հաստատում է տեղեկությունն այն մասին, որ ժամանակին սերիալների հետ կապված խոսակցություն է եղել իր և Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի միջև, բայց ոչ այնպես, ինչպես գրվել էր մամուլում:
«Սուրենը դիմեց ինձ ու ասաց՝ պատրաստ եմ գումար հատկացնել, ինչքան ուզում եք կտամ, որ նկարվի այն, ինչ դու ես ուզում, (Ռաֆայել Քոթանջյանը- Tert.am ), որովհետև շատ հազվագյուտ է, երբ դերասանն անում է այն, ինչ ինքն է ուզում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց դերասանը։
Հիշեցնենք, որ ժամանակին մամուլում գրվել էր, թե Սյունիքի մարզում, ինչ-որ մշակութային միջոցառումից հետո տրված ճաշկերույթի ժամանակ, մարզպետ Սուրեն Խաչատրյանն ասել էր.«Ռաֆայել ջան, ինչքան պետք է գումար տամ, միայն թե էդ սերիալներում մի նկարահանվեք»:
Ռաֆայել Քոթանջյանը հավելեց, որ առ այսօր այդ առաջարկը չի օգտագործվել: «Ոչ թե նրա համար, որ չգիտեմ ինչ նկարել, այլ որովհետև էդքան շատ չեն իմ առաջարկները, որպեսզի հերիքեն մի ֆիլմի հնարավորություններին: Ուրեմն, պիտի նկարեմ մի փոքրիկ մանրապատում, իսկ մանրապատում նկարելու համար էդքան մեծ բանի չպիտի գնամ ես՝ ինքս իմ խղճի դեմ: Խղճի դեմ չէ, բայց կընդունեմ այդ առաջարկը, երբ նժարների վրա կդնեմ ավելի մեծ բան անելու հնարավորությունը»:
Իսկ որ յուրաքանչյուր դերասան իր մտքում ունի իր «կարապի երգը» կամ «կարապի դերը» այս տարի իր 70-ամյակը բոլորող դերասանը գիտի մեծ դերասանների հետ զրույցներից: Մեկ ունեցել է երազանք՝ խաղալ Տիմոն Աթենացի, մյուսը՝ Սիրանո դե Բերժերակ, իսկ մյուսը՝ Համլետ:









