Թե ինչո՞ւ է Մոնակո մեկնել ԵԱՀԿ ԽՎ-ում հին ու նոր պատվիրակությունների «միքսը»
Ո՛չ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան 3 հոգանոց պատվիրակության կազմում ընդգրկված ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Ստեփան Դեմիրճյանը, ո՛չ «Բարգավաճ Հայաստան»-ի անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը տեղեկացված չեն եղել հուլիսի 5-9–ը Մոնակոյում անցկացված վեհաժողովի մասին, այս մասին Tert.am–ի ունեցած տեղեկությունն անձամբ հաստատեցին Ստեփան Դեմիրճյանն ու Վարդան Օսկանյանը:
«Ո՛չ, ինձ ոչ ոք այդ մասին չի տեղեկացրել»,- ասաց Վարդան Օսկանյանն ի պատասխան Tert.am-ի հարցին:
Փոխարենը, Արտաշես Գեղամյանի հետ Մոնակո է մեկնել ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախկին անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը, ով մի քանի օր առաջ մասնակցում էր Արտաշես Գեղամյանի հրավիրած մամլո ասուլիսին:
ԱԺ կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ փոխարինող կազմում են ԱԺ ՀՅԴ խմբակցությունից Վահան Հովհաննիսյանը, «Օրինաց երկրից»՝ Խաչիկ Հարությունյանը և «Ժառանգություն»-ից՝ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը։
Հիշեցնենք, որ ըստ ընդունված պրակտիկայի, երբ հիմնական կազմը չի մեկնում, գործուղվում են փոխարինող կազմի անդամները:
Tert.am-ի հետ զրույցում ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանն ասաց, որ այստեղ որևէ թյուրիմացություն չկա, և Մոնակո պետք է մեկնեին նախորդ ԱԺ-ի պատգամավորները (ի դեպ,Tert.am-ի հետ զրույցում ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն արդեն հայտնել է, որ ընդունված կարգ է՝վեց ամիս ևս ԽՎ նիստերին մասնակցում են հին պատվիրակությունները), իսկ արդեն հոկտեմբերին Ալբանիայում կայանալիք նիստին կմասնակցեն նոր՝ 5-րդ գումարման խորհրդարանի պատգամավորները:
«Քանի որ ԵԱՀԿ ԽՎ-ի նախկին ղեկավար, հարգարժան Արամ Վիլենի Սաֆարյանը, ցավոք սրտի, չէր ընտրվել, պատվիրակությունն առանց ղեկավարի չէր կարող այնտեղ ներկայանալ: Այդ իսկ պատճառով, պատվիրակության ղեկավարի հարցն առաջնային կարգով լուծեցինք՝ համաձայնեցնելով ԵԱՀԿ ԽՎ-ի վեհաժողովի հետ և ես ներկայացա հին կազմի ներկայացուցչի հետ»»-ասաց Արտաշես Գեղամյանը:
Վերջինս հայտնեց, որ իր համար շատ հաճելի կլիներ, եթե Ստեփան Դեմիրճյանը ևս մասնակցեր հունիսին Մոնակոյում կայանալիք ԽՎ-ի նիստին և իր հետ միասին «կասեր իր վճռական խոսքը խնդրո առարկայի վերաբերյալ»:
Ըստ Արտաշես Գեղամյանի՝ իր համար նույնքան հաճելի կլիներ, որ հաջորդ՝ Ալբանիայի նստաշրանում, պատվիրակության կազմում իր հետ լինեն՝ «Վարդան Մինասովիչ Օսկանյանը, Վահան Էդուարդովիչ Հովհաննիսյանը և Ալեքսանդր Ռոբերտովիչ Արզումանյանը»:









