Եգիպտոսի Վերաքննիչ դատարանը մերժել է սահմանադրական դատարանի որոշումը բողոքարկելու խորհրդարանի դիմումը
Եգիպտոսի Վերաքննիչ դատարանը հրաժարվել է ընդունել երկրի խորհրդարանի դիմումը, որով բողոքարկվում էր Սահմանադրական դատարանի (ՍԴ) որոշումը Եգիպտոսի խորհրդարանի ստորին պալատի ընտրությունները չեղյալ ճանաչելու և խորհրդարանը ցրելու վերաբերյալ, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում կատարելով եգիպտական «Ալ-Ահրամ» պարբերականին:
«Սահմանադրական դատարանի որոշումների քննությունը Վերաքննիչ դատարանի իրավասությունների մեջ չի մտնում», - հայտարարել է Վերաքննիչ դատարանը:
Հիշեցնենք, որ Եգիպտական խորհրդարանի ընտրությունները կայացել են 2011-ի վերջին եւ 2012-ի սկզբին: Մանդատների մեծ մասն ստացել են իսլամական կուսակցությունները:
ՍԴ-ի որոշմամբ` մեկ միամանդատ շրջաններում ընտրությունների անցկացումը երկրի Սահմանադրությանը չի համապատասխանում, այդ պատճառով ընտրությունների արդյունքները չեն կարող օրինական լինել և որոշման համաձայն` «խորհրդարանը կորցնում է իր իշխանությունը»:
Սակայն նորընտիր նախագահ Մ. Մուրսին պաշտոնը ստանձնելուն պես հրաման արձակեց Ազգային ժողովի աշխատանքի վերականգնման մասին, սակայն ՍԴ-ն չեղյալ համարեց նախագահի հրամանը:
Երկրում այս հարցի շուրջ մեծ լարվածություն կա խորհրդարանի ցրման որոշմանը աջակցող ռազմական իշխանության և նախագահին սատարող ուժերի միջև: Այս կապակցությամբ մեծ ջանքեր է ներդնում ԱՄՆ, լարվածությունը մեղմելու ուղղությամբ:
Խնդրի կարգավորման նպատակով այսօր երկօրյա պաշտոնական այցով Եգիպտոս է ժամանել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ով կհանդիպի Մ. Մուրսիի հետ խնդրի կարգավորման նպատակով:









