ՀՀ դեսպանը Սամցխե-Ջավախքում մասնակցել է Սուրբ Կարապետ եկեղեցու դռնբացեքի արարողությանը

19:05 • 14.07.12

Հուլիսի 13-ին, Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հերթական այցելությունն է իրականացրել Վրաստանի հայաբնակ Սամցխե-Ջավախքի տարածաշրջան:

 

Այցելության ընթացքում կայացել է Հայաստանի դեսպանի և Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում Վրաստանի նախագահի նորանշանակ լիազոր (նահանգապետ) Իվանե Ծիկլաուրիի հանդիպումը:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր՝ տնտեսական, սոցիալական և մշակութային բնագավառներին վերաբերվող:

 

Դեսպանն ու նահանգապետը մտքեր են փոխանակել տարածաշրջանային տնտեսական ծրագրի, ենթակառուցվածքների շարունակական մոդեռնիզացման, սոցիալական ծրագրերի, ինչպես նաև ջավախահայության ազգային ինքնության պահպանությանն ուղղված համատեղ քայլերի անհրաժեշտության մասին:


Ձեռք է բերվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ սերտ համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություն:

 

Նույն օրը դեսպան Մանուկյանը մասնակցել է Ախալքալաքի շրջանում` աշուղ Ջիվանու հայրենի Կարձախ գյուղում, վերանորոգված Սուրբ Կարապետ եկեղեցու դռնբացեքի հանդիսավոր արարողությանը:


Հատկանշական է, որ մոտ 100 տարի չգործած այս եկեղեցին վերանորոգվել է կարձախցիների համատեղ ջանքերով, այդ թվում` գյուղի այն բնակիչների, ովքեր արդեն վաղուց հեռացել են իրենց հայրենի Կարձախից և այժմ բնակվում են Հայաստանի տարբեր վայրերում: Արարողությունը կատարվել է Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գլխավորությամբ: