Միասնական հայությունն անպարտելի է. Մանվել Գրիգորյան

01:16 • 14.07.12

Այսօր լրանում է Երկրապահ կամավորականների միության նախագահ, Արցախի հերոս, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ներկայում ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի 56-ամյակը։ Այս կապակցությամբ Tert.am-ը հարցազրույց է արել նրա հետ, որը բավական բովանդակալից և հետաքրքիր է ստացվել։


- Սահմանային վերջին միջադեպերից հետո, երբ հակառակորդի դիվերսիոն խմբերը ՀՀ և ԼՂՀ տարածք ներխուժելու փորձեր արեցին, երբ երկու կողմից էլ զոհեր և վիրավորներ եղան, շատ մասնագետներ ենթադրում են, որ մոտ ենք պատերազմին. ի՞նչ է կարծում երկրապահը:

- Երկրապահն առաջնորդվում է «Խաղաղություն ես ուզում` պատրաստվիր պատերազմի» հայտնի սկզբունքով: Մեզանից առավել ոչ ոք չի հասկանում, թե ինչ մեծ արժեք է խաղաղությունը: Մենք եղբայրներ ենք կորցրել, ընկերներ և գիտենք, թե ինչ արհավիրք է պատերազմը: Այդ իսկ պատճառով համարում ենք, որ մեր երկրում պետք է միասնական լինենք, ամուր պետություն, ամուր բանակ ունենանք, որպեսզի նենգ ոսոխն ամեն մի ակնթարթ պատկերացնի, որ մեր սահմանների նկատմամբ ոտնձգության դեպքում դարձյալ ընկնելու է մեր ոտքերն ու դարձյալ հրադադար մուրա: Հիշեցնեմ, որ ժամանակին Ադրբեջանը պատերազմ հրահրեց մեր դեմ, իսկ հայկական կազմավորումները, սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ, խաղաղություն պարտադրեցին արյունատենչ թուրքին: Հիշե՛ք, թե ինչպես էին 1994-ին ադրբեջանցիները խուճապահար փախչում: Հիշե՛ք նաև, թե ինչ մեծահոգի և ողորմած էինք մենք: Մենք կարող էինք շա՜տ տարածքներ վերցնել, բայց կանգ առանք, քանզի գիտենք, թե ինչ է խաղաղությունը, քանզի առաջնորդվում ենք քրիստոնեական համամարդկային արժեքներով: Մենք բավարարվեցինք ազատագրելով մեր հայրենիքի այն փոքր հատվածը միայն, որ անհրաժեշտ է Հայաստանի, Արցախի անվտանգությունը երաշխավորելու համար: Եթե ամփոփեմ` մենք պատերազմ չենք կամենում, բայց մենք պատրաստ ենք վատթարին: Ես հավաստիացնում եմ` եթե թշնամին սխալվի ու դարձյալ պատերազմ սկսի, ապա ռազմական գործողություններն ընթանալու են իր իսկ տարածքում: Չի բացառվում, որ այդ դեպքում մենք արդեն ոչ միայն մեր հայրենի տարածքներն ազատագրենք, ինչպես դա արեցինք 1994-ին, և որոնց ոմանք թյուրիմացաբար «գրավյալ» տարածքներ են համարում: 90-ականներին ազատագրված բոլոր տարածքներն էլ հայկական են. այսօր էլ այդ տարածքներում, որտեղ որ բահ ես դիպցնում, հայկական խաչքարեր են դուրս գալիս: Եթե թուրք-ազերին դարձյալ փորձի, ապա այս անգամ, թերևս, մեր հայրենի Նախիջևանն ազատագրելուց զատ Կիրովաբադ և հնարավոր է` մինչև անգամ Բաքու մտնենք` նրանց մարդատյացությանը վերջ տալու համար: Չարիքն իր բնում է պետք խեղդել: Թուրքը տեռորիստ է, մարդասպան: Մենք այդպիսին չենք, խաղաղասեր ենք, քրիստոնյա ենք, մենք երեխա չենք մորթել, բայց երբ մեր հողին, մեր հայրենիքին, մեր ընտանիքներին վտանգ է սպառնում, մենք գիտենք վճռականորեն կռվել:


- Եթե Աստված մի արասցե` պատերազմը վերսկսվի, արդյո՞ք նույն ոգին, նույն զարթոնքը կլինի հասարակության մեջ, որը կար 90-ականներին: Մեր բանակը մարտունակ կլինի՞:


- Հայի հերոսական ոգին անմահ է: Հայ մայրերը հերոսներ են և նրանք չեն դադարելու հերոսներ ծնել: Փա՛ռք մեր մայրերին, փա՛ռք նրանց անարատ կաթը կերած մեր քաջերին: Արցախում այսօր մեծանում է անկախության սերունդը: Այսօր արդեն մինչև 25 տարեկաններն Արցախում այն մարդիկ են, որ չեն տեսել ադրբեջանական լուծը: Ի դեպ, ողջ քաղաքակիրթ մարդկությունը թող հաշվի առնի, որ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում. Ադրբեջանի կազմում այն եղել է բացառապես ՍՍՀՄ-ի օրոք: Վստահ եղեք` հայ ազգը վճռական է, հայ ազգն արտաքին վտանգի դեմ միասնական է` մեկ մարդու նման պաշտպանելու հող հայրենին և անկախությունը: Ինչ վերաբերում է բանակին, ապա մենք մեզ բանակից չենք բաժանում: Գեներալի համար, սպայի համար չի լինում պաշտոնաթողություն: Բոլորս էլ պահեստազորում ենք, և անհրաժեշտության դեպքում մեր բոլոր կարողություններն ի սպաս ենք դնելու հայրենիքի պաշտպանության համար: Այո՛, մեր բանակում կան թերություններ, որոնք շտկելի են: Իսկ դուք ադրբեջանցիներից հետաքրքրվե՞լ եք` պատրա՞ստ են իրենք: Դուք զրուցեք թե՛ հայ շարքային քաղաքացիների հետ, թե՛ Ադրբեջանի: Տեսեք, թե ով որքանով է պատրաստ: Տեսեք, թե ինչ բարքեր են նրանց բանակում, այլասերվածության ինչպիսի հանրահայտ փաստեր կան, կոռուպցիայի բացահայտված փաստեր: Դրանց էդ ջահելներն էլ դառնալու են իրենց քաղաքական ղեկավարության արկածախնդիր պահվածքի զոհը: 90-ականների սկզբի պատերազմում հայկական կողմը հազարավոր զոհեր տվեց, ադրբեջանականը` բազմապատիկ շատ: Մեզ համար մեր ամեն մի քաղաքացին էլ թանկ է, մենք ցավ ենք ապրում այդ զոհերի համար, բայց համենայն դեպս, Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության նման մենք մեր անփորձ երիտասարդներին միանգամից չէինք ուղարկում առաջին գիծ, մսաղացի անցքով չէինք անցկացնում: Երկրապահի կարևորագույն դերը նաև այն է եղել, որ մինչև մարդուն չենք սովորեցրել զենքի հետ վարվել, թույլ չենք տվել, որ նա հայտնվի ճակատում: Ի՞նչ է նշանակում` բանակը պատրա՞ստ է: Պարտավոր են պատրաստ լինել բոլոր բանակներն էլ, բա էլ ինչի՞ համար են բանակ: Հակառակ դեպքում կկոչվեն ոչ թե բանակ, այլ վախկոտների, հոգեբանությամբ պարտվողների ինչ-որ ոհմակ:


- Ի՞նչ աշխատանք է տանում ԵԿՄ-ն նոր սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում:


- Մենք ունենք «Երիտասարդ երկրապահ» և «Պատանի երկրապահ» ստորաբաժանումները: Նրանց միջոցով ռազմահայրենասիրական դաստիարակության բազում ծրագրեր ենք իրականացնում` հայրենաճանաչողություն, զենքին տիրապետել, մարտարվեստ, շարային պատրաստվածություն: Երիտասարդները և պատանիները լինում են հայրենիքի բոլոր անկյուններում, սահմանամերձ գոտիներում, ճանաչում են հայրենիքը: Ազգային մշակույթ, պատմություն, հայրենաճանաչողության և հայրենատիրության զգացում ենք ներարկում մատաղ սերնդին: Նոր սերնդի դաստիարակության այս գործընթացը մենք սկսել ենք դեռ պատերազմի տարիներից: Ժամանակին սպարապետ Վազգեն Սարգսյանը միշտ շեշտադրում էր այս խնդիրը: Ես և՛ որպես դաշտային հրամանատար, և՛ որպես պաշտպանության փոխնախարար, և՛ որպես ԵԿՄ վարչության նախագահ երկրապահի կարևորագույն խնդիրը համարում եմ նոր սերնդի ճիշտ դաստիարակությունը: Չէ՞ որ այս սերունդն է դառնում բանակի հիմքը, պետության հիմքը: Եվ երկրապահն այսօր, զբաղվելով երիտասարդների, պատանիների դաստիարակությամբ, ապահովում է սերնդափոխությունը: Մենք վստահում ենք մեր նոր սերնդին: Նոր սերունդը քայլում է մեր կողքով, ոգեշնչվում ավագների օրինակով: Մենք էլ պարտավոր ենք այնքան քայլել երիտասարդների, պատանիների կողքով, մինչև որ նրանք ամուր կանգնեն սեփական ոտքերի վրա ու մեր կարիքն այլևս չզգան:


- Ինչպիսի՞ն է երկրապահի և անձամբ Ձեր կապը Ղարաբաղի հետ:

- Հայաստանը և Արցախը մեզ համար անքակտելի հասկացություններ են, ինչպես անունը և ազգանունը: Իրականում Ղարաբաղն էլ է Հայաստան` մեծ Հայքի 10-րդ նահանգն է: Ամենասերտ կապերն ունենք Արցախի հետ` Արցախի ժողովրդի, Արցախի իշխանության, նախագահ Բակո Սահակյանի, զինվորականության հետ: Անձամբ ես իմ ողջ գերդաստանին, նաև 13-ամյա որդուս, որ հիմա Էջմիածնի քաղաքապետն է, հետս տարել եմ պատերազմ` հանուն Արցախի պաշտպանության: Իմ երեխային տանում էի սահման, առաջին գիծ, որպեսզի այնտեղ ապրող հայը համոզվի, որ իր անվտանգությունն էլ երաշխավորված է, շարունակի ապրել իր հողում, շենացնել հայրենիքը: Փա՛ռք քաջարի արցախցիներին, իսկապես հերոսական ժողովուրդ են և մշտապես էլ մեր աջակցությունն զգալու են: Արցախի ամբողջ ժողովուրդն է երկրապահ: Բնակվելով սահմանին արցախցիններն ամուր են պահում սահմանը, մեր հայրենիքը: Եվ իբրև ամփոփում ասեմ` աշխարհի բոլոր ժողովուրդներն էլ կամենում են խաղաղ, արժանավայել, մարդավայել ապրել: Նույնն է կամենում և հայը: Բայց Աստված մի արասցե, եթե հանկարծ որևէ հայի, հայության որևէ հատվածի վտանգ սպառնա, ապա մենք ազգովի մեկ բռունցք կդառնանք` Հայաստանի, Արցախի և աշխարհի հայությունը միասնականորեն կպայքարի ընդհանուր չարիքի դեմ: Իսկ միասնական հայությունը, ինչպես ցույց է տվել պատմությունը, անպարտելի է: Միասնականության, Արցախի հետ ամուր կապի ամենավառ ապացույցներից է ամենամյա երկրապահական ուխտագնացություն, որ մեկնարկում է Սարդարապատից, անցնում Հայաստանի բոլոր մարզերով, սահմանամերձ բնակավայրերով ու ավարտվում Արցախում: Այն անցնում է Արցախի բոլոր վարչական շրջաններով:


- Հուլիսի 19-ին ԼՂՀ նախագահի ընտրությունն է: Ես Ձեր խոսքից հասկացա, որ ԵԿՄ-ն սատարում է Բակո Սահակյանին: Ճ՞իշտ եմ:


-Այո, Բակո Սահակյանն իմ մարտական ընկերն է: Նա երկրապահ է, ապացուցել է իր նվիրվածությունն Արցախի ժողովրդին, ապացուցել է, որ լավ առաջնորդ է: Բայց, գիտե՞ք ինչ կա: Մենք հռչակել ենք ԼՂՀ-ն անկախ պետություն: Այսօր ԼՂՀ-ն ունի ժողովրդավարության ավելի բարձր աստիճան, քան Ադրբեջանը: Ես համոզված եմ, որ ԼՂՀ քաղաքացիներն իրենք ի վիճակի են ճիշտ ընտրություն կատարելու: Մենք վստահում ենք Արցախի ժողովրդին: Ես, որպես Արցախյան պատերազմի բովով անցած Մանվել Գրիգորյան, լավ եմ ճանաչում Արցախի ժողովրդին և հավատում եմ Բակո Սահակյանին, որ կիրականացնի իր ծրագրերը ի նպաստ Արցախի իմաստուն ժողովրդի բարեկեցության և ԼՂՀ միջազգային ճանաչման:


- Եվ մի վերջին հարց` ինչո՞ւ որոշեցիք ընտրվել ԱԺ պատգամավոր, ի՞նչ անելիք ունի երկրապահը խորհրդարանում:


- Եթե Ազգային Ժողովն ազգի հարցերն է քննարկում, ուրեմն երկրապահի ձայնն էլ պետք է լսի: Հատկապես ուշադիր պետք է լինենք բանակին, սահմանների պաշտպանությանը, ազատամարտիկներին վերաբերող օրինագծերին: Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ազատամարտիկը գնահատված լինի, գնահատված լինի թե՛ պետության, թե՛ հանրության կողմից: Այդ տեսանկյունից բազում անելիքներ ունենք ե՛ւ Ազգային Ժողովում, ե՛ւ հասարակության մեջ: Ամեն դեպքում, երկրապահը պետք է ամեն տեղ էլ լինի, որովհետև երկրապահ է մեր ժողովրդի բացարձակ մեծամասնությունը: Երկրապահն այն մարդն է, որը մտածում է երկրի մասին, մտածում է, թե ո՞ր տեղում ի՞նչ օգուտ կարող է տալ երկրին, ազգին: