Երեկ ձերբակալված Կոտայքի փոխմարզպետը ազատվել է պաշտոնից
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվա¬կանի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Լևոն Միքայելյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից:
Հիշեցնենք, որ Լևոն Միքայելյանը երեկ՝ հուլիսի 13-ին Ազգային անվտանգության մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դպրոցի տնօրենից 40.000 դրամ կաշառք ստանալու պահին ձերբակալվել էր:
Ըստ ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության՝ վերջինս իր պաշտոնավարման ընթացքում, մարզի մի շարք միջնակարգ դպրոցների տնօրենների առջև ապօրինի պահանջ էր դրել` պարբերաբար կաշառք վճարել դպրոցներում ստուգումներ չիրականացնելու և խնդիրներ ստեղծելու սպառնալիքի դիմաց:
Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ: Կատարվում էր նախաքննություն:









